Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:
Մենք չորսն ենք, չորս «հարազատ արյուն»: Չորսով այնքան խաղեր կարող եք խաղալ, բայց մենք չէինք սիրում կրկնվել, մենք էինք ստեղծում մերը, նորը և միգուցե միակը իր ոճի մեջ:
Այ, օրինակ, «Ճանապարհային պտույտ». լսե՞լ եք այս խաղի մասին, կարծում եմ, ոչ: Այս խաղը սովորելը շատ հեշտ է, ուղղակի սպասում ես այն օրվան, երբ հայրիկդ ձեզ նորից կտանի Շամշադին` Սարի ճանապարհով, իսկ հետո սպասում ես, թե երբ պետք է մեքենան պտույտ կատարի, և նրա հետ հավասար թեքվում ես աջ կամ ձախ: Իսկ ամբողջ խաղի էությունը կայանում է հակառակորդին տապալելու մեջ, և պարտված է համարվում նա, ով կդիմեր մայրիկի օգնությանը: Մի քանի շաբաթ առաջ նորից Սարի ճանապարհով տեղ էինք գնում, և ակամա հիշեցինք մեր հորինած խաղի մասին, պտույտի հետ թեքվում էինք, կրկին տապալում թշնամուն», բայց չստացվեց այս ամենից նորմալ խաղ: Կարո՞ղ եք կռահել` ինչու: Մենք մեծացել ենք արդեն:
Հիշում եմ, թե ինչպես չէի սիրում քնել: Չէ քնելը սիրում էի, ուղղակի քույրիկներիս հետ միևնույն ժամին չէի ուզում քնել: Ախր, ես մեծացել էի, ես իրավունք ունեի մեկ ժամ ուշ պառկել քնելու, միայն սերիալս նայելուց հետո: Եվ գիտեք` ինչ էի անում, որ հայրիկս չբարկանար և թողներ մեկ ժամ էլ արթուն մնայի: Դասերս, երբ սովորում էի, օրագիրս չէի լրացնում, իբրև թե մոռացել եմ, և լրացնում էի միայն այն ժամանակ, երբ քույրերս գնում էին քնելու, ժամանակ էի շահում և վայելում սերիալս:
Հե՜յ մանկություն, հետ կգաս գոնե մի օրով, որ կարողանամ խաղալ իմ խաղերը…