sona mkrtchyan

Խոստանում էի չկարոտել

Միտքս հաճախ է թափառում անեզր երկնակամարում, բայց երբևէ չի հյուրընկալվել իսկական կարոտին: Հայրենիքս Հայաստանն է, մայրենիքս՝ Շիրակի մարզի խոր երախում ծերացող գյուղս՝ Ջրաձորս։ Մայրենի եզերքս ուրիշ է, հարազատ է:

Սուտ է, երբ ասում են Հայատանում հայն ապրում է ինչպես ձուկը ջրում, միևնույնն է, չեմ համոզվի: Սուտ է, երբ ասում են Հայաստանում հայը կարոտում է միայն Արևմտյան Հայաստանը: Այդպես էի մտածում մինչ Երևան գալս: Ասում էի` չեմ կարոտի հաստատ, ինչքան էլ վատ լինի, հաստատ այստեղից լավ է լինելու:

Ես ստիպված էի այսպես մտածել: Պատկերացրեք ամեն օր քնելուց առաջ մտածում ես. մի քիչ, 2-3 ժամ, առավոտյան արթնանում ես մեծ սպասումով, բայց ոչինչ չես կարող անել, որովհետև․․․ Ա՜խ, այդ որովհետևները․․․ Ես նման էի թռչունի, որը ճախրել գիտեր, բայց չէր կարողանում թռչել, քանի որ վանդակված էր: Բայց հիմա՛, միայն հիմա եմ հասկանում մայրենի եզերքի անսահման քաղցրությունը: Հիմա հեռու եմ, շա՜տ հեռու: Հիմա էլ եմ ազատ, սակայն առավել ազատ էի իմ գյուղում: Գյուղումս ես ունեի ամեն բան ազատ գործելու համար, բայց չկար լայն հնարավորություն, իսկ հիմա ես ունեմ լայն հնարավորություն, բայց չունեմ այն, ինչ ունեի առաջ: Այնտեղ ես չգիտեի, թե ինչ բան է կարոտը, իսկ հիմա ներխուժել է սիրտս ու կրծում է հոգիս: Կարոտել եմ մայրենիքիս ամեն մասնիկը: Կարոտել եմ երկնամուխ լեռները, կանաչազարդ սարերը, անուշ ջուրս, տունս, հարազատներիս, դպրոցս, ուսուցիչներիս, համագյուղացիներիս բարի ու ժպտացող հայացքները․․․ Մի խոսքով, կարոտել եմ անասելի շատ, շատ-շա՜տ։

Ես առանց ձեզ, ինչպես ծովն առանց ջրի, ինչպես արևն առանց շողերի: Երբ բոլորդ ասացիք` պետք է ուժեղ լինել, ես ինքս խոստացա ինձ. «Խոստանում եմ չկարոտել»: Ինչ իմանայի, որ կարոտն այսպիսի բան է: Մինչ կգրեի այս «ցավի» մասին, ամեն օր համոզում էի ինձ, որ չեմ կարոտում, բայց էլ չկարողացա, ու մտքերի տարափը դուրս թռավ ուղեղիցս ու վերածվեց բառերի, որոնք, թերևս, ամենայն նվազությամբ արտահայտեցին զգացմունքներս:

Կարո՛տ, ինչո՞ւ ես այդքան տանջում ինձ: