Շփման կետը «Ե» տառը
Ես Գայանեն եմ: Չեք հավատա, բայց ինձ համար ամենադժվար բաներից մեկը ինձ ներկայացնելն է: Չէ, իրականում ահագին դժվար գործ է: Չէ որ առաջին բառերն են որոշում, թե դիմացինդ ինչ կարծիք կկազմի քո մասին:
Միշտ առաջինը մտքիս է գալիս այն, որ ատում եմ, երբ ինձ Գայան են ասում: Մտածում եք փո՞քր բան է` ի՞նչ տարբերություն. Գայան, թե Գայանե, բայց իրականում այդ «ե» տառը «կուլ տվողները» մի քանի տասնամյակ են ավելացնում իմ կենսաբանական տարիքին: Դե, դուք մտածեք, թե ով կուզեր շուտ մեծանալ: Պարզից էլ պարզ է` ոչ ոք:
Ես կարծում եմ, որ իրականում այդ մեր կենսաբանական տարիք կոչվածը շատ էլ էական չէ: Դա ընդամենը թիվ է`միանիշ, երկնիշ, գուցե եռանիշ: Թվերը չեն, որ շփում են ստեղծում, որ մարդկանց են կապում, որ ընկերներ են դարձնում: Կարևորը մի ընդհանուր կետ լինի, որի վրա կկարողանաք հենվել: Այդ կետը կարող է լինել երգի տեսքով, մի ժպիտի տեսքով, մի կտոր պիցայի կամ էլ մի զվարճալի կատակի: Պարզապես կյանքում կարևոր է այս հսկայական տիեզերքում ինչքան հնարավոր է շատ կետեր գտնել. ամեն կետը մի մարդ է:
Իսկ այ, ծանոթության գործում մեր գործը կատարում են երգերը, ժպիտները, մի կտոր պիցան ու կատակները:
Եկեք այսօր մեր կետը լինի «ե» տառը, որի ներկայությունը ինձ թողնում է մնալ իմ թվային քառակուսում: