Ձեզնից երևի քչերն են տեղյակ Հայաստանում՝ Երևանում գործող միկրոարվեստի թանգարանի մասին: Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկում՝ Աբովյան 8 («Նոյյան Տապան» գրախանութ, առաջին հարկ) հասցեում է գտնվում (չվախենամ ասել) աշխարհահռչակ Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարանը: Թանգարանը բացվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին և իր այցելուներին հյուրընկալում է ամեն օր 10:00-ից մինչև 20:00-ը, ինչը, քիչ թե շատ, բացառիկ է Երևանի թանգարանների համար (եթե մի քիչ տեղյակ ես երևանյան թանգարանային ժամերից, կհասկանաս բացառիկ բառի գործածության իմաստը), և փաստորեն կարելի է այցելել անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո և վիքենդներին:
Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարանում կարելի է ծանոթանալ երաժիշտ, միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի գործերին, ինչպես նաև Տեր-Ղազարյան կրտսերի գործերին, ում ջանքերով էլ բացվել է թանգարանը: Էդուարդ Տեր-Ղազարյանի առեղծվածային մոլորակի գաղտնիքները դեռ ոչ մի գիտնականի չի հաջողվել բացահայտել։ Միակ մարդը, որ կարողացել է հասկանալ ու գնալ նրա հետքերով, անվանակից թոռն է: Փաստորեն Տեր-Ղազարյան կրտսերը հանճարեղ պապից ոչ միայն անուն ազգանունն է ժառանգել, այլ նաև՝ արվեստը:
Ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանը առաջին հերթին երաժիշտ է, ապա նոր քանդակագործ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, նվագել Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: Ստեղծել է «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները, նաև «Խաղաղության երաժշտական ավտոմատը», որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ։ Սակայն նրա գլուխգործոցը Վիոլա պոմպոզայի վերակերտումն է: Յոհան Սեբաստիան Բախը 1724թ․ գծագրել էր մի ալտ, որն իր հսկայական չափերի շնորհիվ պետք է ունենար հզոր ձայն։ Սակայն պատրաստող վարպետ Հոֆմանի սխալների պատճառով գործիքը չէր հնչել։ 270 տարի անց, Բախի գծագրերի հիման վրա, Էդուարդ Տեր-Ղազարյանը վերականգնեց գործիքը, որն արդեն հնչում էր ըստ մեծ կոմպոզիտորի մտահղացման՝ հանդիսավոր։ Իսկ միկրոքանդակագործ Տեր-Ղազարյանը թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների, ասեղի անցքի և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին», «Նիկոլո Պագանինի», այդ բնագավառում եզակի շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (մարդու մազի վրա): Եվ ահա այս բնագավառում նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Դրանք հակասում են ֆիզիկայի բոլոր օրենքներին, անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս առիթով Այնշտայնի հետևորդ Ալեքսանդր Օտտո Ստինն ասել է. «Եթե գիտությունը շարունակի այս քայլերով զարգանալ, Էդուարդ Տեր-Ղազարյանի շարժվող միկրոքանդակների գաղտնիքը կբացահայտվի 9000 տարի հետո»:
Նրա տասը մանրաքանդակներ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։ Աշխատանքները պատրաստվում են 1 շաբաթից մինչև մի քանի ամիս ժամանակահատվածում: Տեր-Ղազարյանները իրենք են ստեղծել իրենց գործիքները և չեն վաճառել: Նրա միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում և որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»։
Տեր-Ղազարյանների միկրոարվեստ թանգարան-ցուցահանդեսի յուրօրինակ բաժիններից էին վարպետի պատրաստած երաժշտական գործիքները: Նա մի անգամ ասել է.
«Եթե ես ընտրության առաջ կանգնած լինեի՝ քանդակագործություն, թե երաժշտություն, ես կընտրեի երաժշտությունը»:
Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը սովորել է պապից, աշխատել նրա հետ, ապա շարունակել կատարելագործվել պապի մահից հետո: Իր աշխատանքների մի մասը նվիրել է, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, Շառլ Ազնավուրին, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանին, Երևանի պատմության թանգարանին և այլն:
Արվեստագետի համար իր ստեղծագործական կյանքի ամենահուզիչ պահերից մեկը եղել է 2016-ին. Հայաստան կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Ֆրացիսկոս 1-ինին Ամենայն Հայոց կաթողիկոսն ընծայեց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի հեղինակած՝ Պապի՝ աշխարհում ամենափոքր դիմանկարը։
Երևանի ամենահետաքրքիր ու տպավորիչ թանգարաններից մեկն է: Շատ ափսոս, որ տարածքը փոքր է, և հազարավոր աշխատանքներից շատ քչերն են տեղ գտել այստեղ: