juli abrahamyan

1984

Ես կանգնած եմ Բաղրամյան փողոցի վրա՝ կանգառում, դու կանգնած ես դիմացի մայթի վրա, ու եթե անկեղծ ասեմ՝ մազերիդ գույնը վատ եմ տեսնում, էլ չասեմ` աչքերիդ մասին։ Ինձ ինչ-որ մեկի ձայնն ասում է, որ սա պատահականություն չէ, բայց հո՞ ես գիտեմ ճշմարտությունը։

-Հա, մամ,- ինձ միշտ միայն մաման է զանգում։

-Գալի՞ս ես արդեն:

-Ահա:

-Դե լավ:

Նույն պահին դու հեռախոսդ հանում ես պայուսակիցդ ու ինչ-որ հաղորդագրություն ես ուղարկում, հավանաբար՝ ձայնային։

Ես ու դու նույն պահին խոսում ենք տարբեր բաներ։

Ենթագիտակցությունս գրեթե վստահ է, որ սա պատահականություն չէ, որովհետև միգուցե ես մի քանի օր հետո սրա մասին նյութ կգրեմ, որը հետաքրքիր չի լինի, բայց ինձ անպայման դուր կգա, չեմ էլ կարող ասել, թե ինչու։

Հավանաբար դու էլ ես սիրում զբոսնել Երևանի փողոցներով, բոլորին պատմել, թե ինչքան ես ատում Երևանը, բայց ներքուստ սիրում յուրաքանչյուր փողոց, որը ընդհանուր հաշվով ոչ մի տեղ էլ չի տանում։ Ես գրեթե համոզված եմ, որ դու սիրում ես փողոցային երաժիշտներին, որովհետև ես էլ եմ նրանց պաշտում։ Միգուցե քո ամենասիրելի գիրքը նույնպես Ջորջ Օուրելի «1984»-ն է․․․ Չնայած՝ դժվար։

Մի պահ ինձ թվաց, թե դու նույնպես ցանկանում էիր մազերիս գույնը հասկանալ։ Շագանակագույն է, ընկերս։ Բայց ես քոնը այդպես էլ չեմ տեսնում, երևի չափազանց անկարևոր է մազերիդ գույնը, կամ էլ պետք է լսեի ծնողներիս ու գնայի ակնաբույժի մոտ։

Ասֆալտին նայելով՝ մտքումս կրկնում եմ առաջին նախադասությունս, որ հանկարծ չմոռանամ ու գրեմ, և եթե սա ստացվի, ապա միգուցե դու միամիտ սեղմես նյութի հղմանը ու մինչև մատներդ կփակեն պատուհանը՝ կկարդաս իմ կրկնած առաջին նախադասությունը։

Ես և դու կարդում ենք նույն նախադասությունը տարբեր պահերի։ Բայց դու առաջին նախադասությունից հետո փակում ես պատուհանը, որովհետև չես հավատում նման բաների իրական լինելուն, իսկ ես մի քանի անգամ կարդում եմ ամեն մի պարբերություն, որ հանկարծ վրիպումներ չունենամ։

Բազմոցին նստած կբացեմ նոթատետրս ու անպայման սև թանաքով կգրեմ ինչ-որ մի բան, նույն պահին ինձանից երևի թե հազար կիլոմետր այն կողմ դու կվերցնես թուղթը՝ նամակ գրելու ցանկությամբ։ Նույն պահին ես և դու մեզ թույլ կտանք լինել մի փոքր սենտիմենտալ, նույն պահին ես և դու թույլ չենք տա ուրիշներին կարդալ մեր սենտիմենտալությունը։

Այս անգամ ուղեղս կարծես թե դուրս է գալիս գլխիս միջից ու բղավում է, որ սա պատահականություն չէ․․․

-Մամ, համարյա հասնում եմ։

-Դե արագացրու, սպասում ենք։

Չնայած՝ դժվար։ Ես հո՞ գիտեմ ճշմարտությունը։