Seryozha

Մի քանի օրից զինվոր եմ

Փետրվարի 12-ին լրացավ իմ 18 տարին: Գիտակցում էի, որ մոտենում էր ծառայության մեկնելու ժամանակը:
Զանգ եկավ հեռախոսիս: Անծանոթ համար էր: Պատասխանեցի:

Կանչում էին զինկոմիսարիատ: Երբ գնացի, ինձ ծանուցագիր տվեցին, որտեղ հրամայված էր, որ հուլիսի 6-ին զորակոչվեմ բանակ: Մտքերս խառնվեցին իրար: Չէի մտածել, որ կարող եմ երկու տարի կտրվել իմ առօրյա կյանքից, թողնել ծնողներիս, ընկերներիս, աշխատանքս:
Մինչ ծանուցագիր ստանալս երբեք ուշադրություն չէի դարձրել հայոց բանակում ծառայելու մանրամասներին: Ինձ թվում էր, որ բանակում ամեն բան շատ հեշտ է. այնտեղ ուղղակի երկու տարի ժամանակ են անցկացնում: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ես հասկացա, որ բանակում ժամանակ չեն անցկացնում:

Ծառայությունը յուրաքանչյուր տղայի կյանքում մեծ նշանակություն ունի, որտեղ նա ստանում է կյանքի համար կարևոր դասեր, որոնք ոչ մի ուրիշ տեղ չեն սովորեցնում:

Օրերն անցնում էին: Ծանուցագիրը գրպանս դրած մտածում էի, թե ինչպես ասեմ ծնողներիս, որ շատ չտխրեն:
Մի սովորական երեկո, ճաշի ժամանակ գրպանիցս հանեցի մի թղթի կտոր: Մայրս իսկույն հասկացավ: Զգացի, ոնց աչքերը լցվեցին: Սակայն ես ուրախ եմ ու հպարտ, որ ընդամենը մի քանի օր հետո կզորակոչվեմ բանակ, հպարտորեն կտամ երդումս հրամանատարներիս և բոլոր ներկաների առաջ, մնացյալ հայորդիների հետ միասին կպաշտպանեմ հայրենիքս, որը ժառանգել ենք մեր պապերի, հայրերի, արդեն նաև` եղբայրների ու ընկերների ս արյան գնով: Գիտակցում եմ, որ կարոտելու եմ ծնողներիս, տունս, ընկերներիս: Գիտակցում եմ նաև, որ բանակային կյանքում լինելու են շատ դժվարություններ, բայց չեմ հուսահատվում, և պետք է դիմանամ յուրաքանչյուր դժվարության: Պետք է թե հայրենիքս պաշտպանեմ, թե ողջ և առողջ տուն վերադառնոմ:

Բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղ և հանգիստ ծառայություն: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր մոր աղոթք անպատասխան չի մնա, և մեզ կպահպանի ամենադժվար ժամանակ անգամ:

Ցտեսություն, կկարոտեմ ձեզ: