Նախատոնական

Նոր տարվա սպասելիքներով,  քննական ծանրաբեռնվածությունից մի կերպ ազատված՝ վերջապես ժամանակ գտա երկու խոսքով ցույց տալու ընկերուհուս՝ Մարիամի ընտանեկան հավաքույթ-նախապատրաստումը գալիք տոներին, որն այնքան տպավորել էր ինձ։

Այդ օրը նա փոքր ինչ անհանգիստ էր, որովհետև ուզում էր և տնային գործերն ավարտել, և դասերը սովորել, և բաց չթողնել սպասված օրվա հետաքրքիր պահերը.

-Հեսա բոլորը հավաքվելու են մեր տուն։

Մեզ մոտ՝ Գավառում, այդ օրերին բոլորը հավաքվում են հիմնականում փախլավա պատրաստելիս, բայց երբ նրան հարցուփորձ արեցի, պարզվեց, որ բանն այլ է.

-Հատկապես սուջուխի (շարոցի) պատրաստումը մեր ընտանիքում մեծ արարողակարգ է,-պատմեց Մարիամը՝ թելած ասեղով ծակելով ընկույզների «փորիկները»,- Ամեն տարի այս օրերին, առավոտյան մաման նախապատրաստում է համեմունքների կապոցը և հետո դրանով խյուսը պատրաստում։ Այդ ընթացքում ես, քույրերս շարեր ենք անում, մինչև գալիս են տատիկը, մեծ քույրս իր ընտանիքով, հարևանները, և ընդհանրապես` ով պատահի։

Մի պահ դադար տալով՝ Մարիամը սկուտեղներ ու ափսեներ բերեց կողքի սենյակից և շարունակեց իր պատմությունը.

-Երբ շփոթը պատրաստ է լինում, մենք նախ տաք-տաք համտեսում ենք ու համի մասին կարծիքներ ասում,- ասաց նա ու մի ափսե տաք շփոթ ու ընկույզ հյուրասիրեց ինձ,- տատիկին միշտ համը չի գոհացնում, բայց մենք հավանում ենք։

Այնուհետև Մարիամի մայրն սկսեց շարերը թաթախել շփոթի մեջ ու կախել։

-Դե իհարկե, արդեն պատրաստի կախված շարերից մեկը պարտադիր պոկվում-ընկնում է,-հերթական շարոցի պոկվելու ժամանակ ծիծաղեց Մարիամն ու սկուտեղը ձեռքս տալով՝ հայտարարեց,- սա ամենազվարճալի պահն է։ Լավ խաղ է, արի խաղանք։ Պետք է այնպես անենք, որ գետնին չկաթկթի։

Ու մենք սկսեցինք սկուտեղները ձեռքներիս վազվզել կախված երկարուկ շարերի միջով։

Երբ ամեն բան պատրաստ էր, և հարևաններին հյուրասիրելու համար շփոթով լի մի-մի աման ձեռքներիս փողոց դուրս եկանք, Մարիամը չարաճճի ժպիտով մի բան փսփսաց.

-Գիտե՞ս, մի հետաքրքիր բան էլ կա։ Տատիկս միշտ ասում է, որ իրենն ավելի համով էր ստացվել,-մի պահ լիաթոք ծիծաղում է ու ավելացնում,- չնայած իր բաժինն էլ է մաման սարքում։

Էս էլ մեր շարոցների փոքրիկ, համեղ պատմությունը։ Սիրտներդ ուզեց, չէ՞։