Հայրենիքի նվիրյալ Արման Ղուլյան

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արման Հովիկի Ղուլյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում։ Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…

Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում մեկ տարի սովորելուց հետո 2020 թվականի օգոստոսի 11- ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է ամենայն պատասխանատվությամբ և սիրով։ Քառասունյոթ օրվա զինծառայող է եղել, երբ սկսվել է
Պատերազմը։ Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ։ Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 27-ին։

Հինգ ամիս Ղուլյանների ընտանիքը համոզված էր, որ Արմանը գտնվում է գերեվարության մեջ, քանի որ երեք անգամ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել, և Արմանին չեն գտել, չորրորդ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է Արմանի զրահաբաճկոնն ու գոտին, և ավաղ, մարտի 29-ին գտնվել է մարտիրոսված Արմանը։

-Չգիտեմ, այդ մեկ ամիսը ինչերի՞ միջով է անցել լույսս, բայց ինձ հետ միշտ խոսեց խիզախ ձայնով, կոտրված չեմ լսել ձայնը: Ես չեմ իմացել, որ ուժեղ տղա ունեմ,-պատմում է Արմանի մայրը` տիկին Հերմինեն,- շատ «թափանցիկ» էր, հոգատար, բարի: Դպրոցից բացակայելու հասկացողություն չկար: Ընկերներից մեկ տարի փոքր էր, բայց իրենցից լավ էր սովորում դպրոցում: Դպրոցական տարիներին նկարչության ու պարի է հաճախել, հինգ տարի էլ` ըմբշամարտի: Շատ ընկերասեր էր, իր ընկերների ուրախությունն էր։ Սիրում էր քրոջը սրտահան անել։ Մարթաս սիրում է մեծ ուշադրություն, և այդ պատճառով միշտ հոգու հետ էր խաղում ու վերջում ծիծաղում։ Հենց տեսնում էր քույրը զբաղված է, գալիս էր կողքիս նստում ու սկսում.
-Մամա՜ ջան, դու իմ մաման ես, մենակ ինձ ես սիրում, ես եմ նստել մամայիս կողքին, արի գրկեմ քեզ,- ու աչքի ծայրով նայում քրոջ արձագանքին, այնքան էր անում, մինչև Մարթաս լաց լինի, ու քահ-քահ ծիծաղում  էր Մարթայի մանկական միամտության վրա։ Դրսից ներս մտնող լույսս չմարեր, ու պատերի ջերմությունը չպակասեր։ Զարդերն ու՞մ են պետք, երբ տունդ ջերմացնող զարդին ես փնտրում`անվերջ ու ամենուր…

Արմանը ամփոփված է հայրենի Օձուն գյուղում։

Հավերժ փառք ու խոնարհում հերոս Արման Հովիկի Ղուլյանին։