Այսօր Ուսուցչի տոնն է: Այս տարի առաջին անգամ ես այդ տոնը իմ դպրոցում չեմ, հայրենի Լիճքից հեռու եմ: Ես ուսանող եմ արդեն: Հեռվից գուցե ավելի լավ է երևում, թե ինչ կարևոր ու մեծ գործ են կատարում ուսուցիչները: Այսօր ես հիշում եմ Ձեզ:
Ժպիտը դեմքին, դանդաղ քայլերով, մատյանը ձեռքին դասարանին է մոտենում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Ավետիսյան Նելլին: Դասարան մտնելուն պես նա մեզ բոլորիս է փոխանցում իր դրական էներգիան, հասկանում յուրաքանչյուրիս և բարի խոսքերով գնահատում ամեն մեկի կատարած աշխատանքը: Իր մասնագիտության մեջ չկա այնպիսի մի բան, որ նա չիմանա, և իր գիտելիքը նա փորձում է ամեն կերպ մեզ բացատրել ու հասկացնել։
Նա միշտ ասում էր. «Երեխաներ, այս ամենը ես գիտեմ, ինձ համար չեմ ասում ու կրկնում, ձեզ համար եմ ասում, ձեզ է վաղը պետք գալու, դուք եք քննություններ տալու ու ձեզ համար եք սովորում»: Ա՜յ, հիմա նոր հասկանում եմ ընկեր Ավետիսյանի ասած խոսքերի իմաստը և ափսոսում եմ, որ ժամանակին լուրջ չեմ ընդունել դրանք:
Ընկեր Ավետիսյանն այն մարդն է, ում շնորհիվ ես այսօր ուսանող եմ, նա այն անձնավորությունն է, ով իմ ընդունելության քննությունների ժամանակ ինձ ճիշտ հանձնարարություններ և ճիշտ խորհուրդներ տվեց: Շնորհակալություն, ընկեր Ավետիսյան։
Բացի գետեր, լճեր, պետություններ հայտնաբերելը, ես հայտնաբերեցի բարի, կամեցող ու բարեկիրթ ավագ քույր, ով ամեն կերպ ինձ դաստիարակել է իր խոսքերով ու գործունեությամբ՝ դեռևս 5-րդ դասարանից: Խոսքս աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Գևորգյան Սոֆիի մասին է: Չգիտեմ՝ ում համար՝ ոնց, բայց ինձ համար նա եղել և մնում է այն յուրահատուկ ուսուցիչներից, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի մեզ համար ամեն բան հասկանալի և դյուրին լինի: Սիրում էի նրա դասաժամերը, հատկապես այն պահերը, երբ նա մեզ հետ խոսում, ծիծաղում, բայց մեկ էլ հոպ՝ անցնում էր դասին ու սկսում մատյանով դաս հարցնել: Այդ պահերը հենց նոր աչքերիս առջևով անցան, ու վերապրեցի… Ափսոսում եմ, որ Ձեր դասաժամերը քիչ են եղել, բայց միևնույնն է, Դուք մեզ տվել եք այն գիտելիքը, որը անհրաժեշտ է եղել: Շնորհակալություն, ընկեր Գևորգյան։
Քառաբաժան մեթոդով դասեր, տեղից դաս պատմել, հոգատարություն, տվյալ մարդու դրության մեջ մտնել, այս ամենը բնութագրում է պատմության և հասարակագիտության ուսուցչուհի ընկեր Սարգսյան Ջուլիետային: Հիմա նոր հասկանում եմ, թե ինչ է «երկրորդ մայր» ասվածը: Դասարանում չկար այնպիսի մեկը, ով նրա դասին պատրաստ չլիներ ու չպատասխաներ դասը: 45 րոպեի մեջ ամբողջ դասարանը նրան էր ներկայացնում դասը: Չգիտեմ՝ ոնց, բայց հասցնում էինք պատասխանել դասը, և դա գալիս էր թե՛ փոխադարձ հարգանքից, թե՛ նվիրվածությունից, թե՛ խրախուսող ու ոգևորող խոսքերից: Ընկեր Սարգսյանը հասկանում էր բոլորիս և ժպտադեմ, բարի դեմքով ու ըմբռնումով էր մոտենում յուրաքանչյուրիս: Մի տեսակ կարոտեցի նրա դասաժամերը, բայց ինչ արած… Շնորհակալություն, ընկեր Սարգսյան։
«Երբ ես ժպտում եմ, ես բարկացած եմ, իսկ երբ բարկացած եմ, ես ուրախ եմ»,- ընկեր Արզումանյան Չարենց՝ պատմաբան: Սիրում էի լսել ընկեր Արզումանյանի ասած ամեն մի թևավոր խոսքը, որոնցից մեծամասնությունը վերաբերում էր կյանքին, և կյանքի դաս էր մեզ համար: Աշխարհում չկա այնպիսի մի բառ, չկա այնպիսի մի խոսք, որով կկարողանամ ներկայացնել նրան: Նա աննկարագրելի անձնավորություն է՝ գեղեցիկ մտքերով ու գաղափարներով լեցուն, միշտ ճիշտը ասող, բարի ու կատակասեր մարդ: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան և շփվել եմ նրա հետ, հպարտ եմ, որ նրա աշակերտներից եմ եղել և հպարտ եմ, որ նման ուսուցիչ եմ ունեցել: Երբեք չեմ մոռանա Ձեր խոսքերը՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվեք: Շնորհակալություն, ընկեր Արզումանյան։
Այսպիսով, նրանք էին այն ուսուցիչները, որոնք իմ կյանքում դրական, բարի, ազդեցիկ ու յուրատեսակ գեղեցիկ հետք են թողել: Ուզում եմ ամեն անգամ մտնել դպրոց, ու դուք միշտ լինեք այնտեղ, մատյանները ձեր ձեռքերին, ժպտաք և ձեր աշխատանքին նվիրված անցնեք գնաք…
Հ. Գ. Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել «Մանանային», որ այն գոյություն ունի, որի շնորհիվ ես և հարյուրավոր երիտասարդներ կարողացանք մեր մտքերը հանրությանը հասանելի դարձնել: