leyli tadevosyan

Մի քիչ էլ պայմանագրերի մասին

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց համար սովորական է եղել առօրյայում սեփական շահերից ելնելով, այսպես ասած, գործարքների մեջ մտնելը: Այդ ժամանակներում դեռ չեն եղել օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն, ու մարդիկ առաջնորդվել են իրենց իմացած բարքերով, ինչը մենք այսօր հաճախ սովորույթ ենք անվանում, գումար են վերցրել` խոստանալով վերադարձնել, օրինակ, հաջորդ ամիս, մեկի մոտ անցել են աշխատանքի` իմանալով, որ ստանալու են 2-3 ոսկի աշխատավարձ և այլն: Այս ամենը ներկայիս իրավագիտակից հասարակությունը անվանում է քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման ամենից տարածված հիմքը պայմանագրի առկայությունն է:
Տեսության մեջ ընդունված է ասել, որ քաղաքացիական պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Առաջին պայմանագիրը, որ հայտնի եղավ մարդկությանը, ըստ էության, առուծախի պայմանագիրն է, այնուհետ գալիս է փոխառության պայմանագիրը: Այսօր արդեն Քաղաքացիական իրավունքի տեսությանը հայտնի են նաև մատակարարման, ռենտայի, նվիրատվության, վարձակալության, հանձնարարության և այլ տեսակի պայմանագրեր (գլուխներդ չցավեցնեմ երկար-բարակ իրավաբանական տերմիններով), որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը: Բայց յուրաքանչյուր իրեն հարգող պայմանագիր պիտի ունենա մի քանի կարևոր հատկանիշներ՝ էական պայմաններ, առանց որոնց չենք կարող ասել, որ գործ ունենք պայմանագրի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Հետևաբար պայմանագրի էական պայմանները, ըստ էության տարբերվում են` կախված տեսակից, բայց կան մի քանի պայմաններ, ինչպես օրինակ` պայմանագրի առարկան, գինը, կողմերի վերաբերյալ տվյալները (վավերապայմանները), որոնք կարող եք հանդիպել յուրաքանչյուր պայմանագրում:
Սովորաբար իրավաբաններս խորհուրդ ենք տալիս հիմնական պայմանագիրը կնքելուց առաջ կնքել նախնական պայմանագիր` իրավական բացասական հետևանքներից հնարավորինս խուսափելու համար: Եվ ամենակարևոր բանը, որ արժե հիշել ամեն անգամ, երբ գործ ունեք պայմանագրերի հետ, այն է, որ պետք է ստորագրելուց առաջ կարդալ այն ու հասկանալ բոլոր դրական ու բացասական հետևանքները, որ կարող են առաջանալ: Խնամքով մշակված պայմանագրերում շատ հաճախ դրանք աննկատելի են, ու քաղաքացին, ով չի տիրապետում օրենսդրությանը, կարող է գլխի չընկնել, թե ինչ է սպասվում իրեն պայմանագիրը կնքելուց հետո, ուստի, կարող եք միշտ դիմել իրավաբանի օգնությանը:
Պայմանագրի տեսակներից է նաև ամուսնական պայմանագիրը: Արտասահմանյան երկրներում շատ ընդունելի է, երբ զույգը կնքում է պայմանագիր, բայց եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե հայկական իրականության մեջ ևս սկսվեր ամուսնական պայմանագրի կիրառելիությունը. կդադարեն գործել հայկական ընտանեկան այն բոլոր սիրուն ավանդույթները, որոնք մենք ունենք, կդադարեն լինել փոխադարձ սերն ու հարգանքը ամուսինների միջև, կոնֆլիկտները առավել շատ կլինեն և այդպես շարունակ։
Եվ ինչպես ասում էր Ի. Տենը` օրենքը նման է երկար բարձր սյան, նրա վրայով չես թռչի, բայց շրջանցել կարող ես…
Պահպանե՛նք օրենքները, իսկ քաղաքացիական պայմանագրերի տեսակների մասին առավել մանրամասն հետո կպատմեմ։