Seroj araqelyan

Մեր գյուղի իմ ուսուցիչները

Մինչև հիմա հիշում եմ, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էինք փոքր ժամանակ դպրոցից դուրս ուսուցչին տեսնելիս թաքնվում, ճանապարհ փոխում, որպեսզի չհանդիպենք կամ էլ հանդիպելիս կարմրում, ամաչում, մի կերպ զոռով ասում` բարև Ձեզ, ու անցնում: Անընդհատ մտածում էինք, որ ուսուցիչները մեզ նման մարդիկ չեն։ Նրանք շատ խիստ են, նրանք արգելում են աշակերտներին գրքից կտրվել, գնալ խաղալու։ Երբ մեզ խաղալիս տեսնում էին, մտածում էինք՝ մեզ տեսել են մեղք գործելուց, բայց միաժամանակ մեզ ստիպում էինք հաջորդ օրը լավ սովորած գնալ դասի, որպեսզի չասեն՝ ամբողջ օրը խաղացել ենք, դաս չենք արել: Այո, անցան այդ տարիները, անցավ տասներկու տարի: Ունեցանք բազմաթիվ ուսուցիչներ և նրանցից սովորեցինք կյանքը կառավարող ղեկն օգտագործելու ձևը:

Ես միշտ տարբերություն եմ դրել ուսուցիչների մեջ, և մինչև հիմա էլ ոչ մեկից չեմ թաքցնում, որ եղել են ուսուցիչներ, որոնք ինձ համար եղել են անտանելի։ Գյուղում և քաղաքում տարբեր են ուսուցիչները: Քաղաքում, օրինակ՝ պատմության կամ աշխարհագրության ուսուցչին կտեսնես միայն դպրոցում կամ պատահմամբ քաղաքում: Իսկ գյուղում շատ ժամանակ կգնաս տուն և կտեսնես, որ հենց քո պատմության ուսուցչուհին՝ ընկեր Վարդանյանը, նստած սուրճ է խմում և զրուցում մայրիկիդ հետ, և այդ ժամանակ ոչ թե՝ բարև Ձեզ, ընկեր Վարդանյան, այլ՝ բարի օր, Ալվարդ տոտա: Չէ, չէ, ես անկարգ չեմ, ուղղակի ընկեր Վարդանյանը կամ նույն Ալվարդ տոտան, մեր շատ մոտ հարևանուհին է, որին ճանաչում եմ հենց ծնվածս օրվանից: Երբ գյուղում տեսնում էինք ուսուցչի, որն այգում գործ է անում, զարմանում էինք՝ ասելով․ «Վայ, ինչպես, ուսուցիչը այգի է գնում, վայ, նայեք, երեխեք, ինքը ռեզինե «սապոգներ» ա հագել, նայեք-նայեք՝ ոնց ա ձեռքով խոտ պոկում»։ Մի շարք հասարակ բաներից զարմանում էինք, թե ինչպես կարող է ուսուցիչը դասից դուրս գործ անել և այլն: Բայց ես երբեք չեմ մոռանա, որ մեզ մոտ՝ հենց սահմանամերձ Բաղանիսում, ուսուցիչ(ուհին) ոչ միայն դաս է սովորեցնում, այլ նաև կրում է մեծ պատասխանատվություն, երբ կրակոցների ժամանակ դասերն է կառավարում կամ դասերից հետո հարկ եղած դեպքում աշակերտների կամքին հակառակ պահում է նրանց դպրոցում, որպեսզի առանց ինչ-որ մի փորձանքի, կրակոցներից ապահով հասցնի տուն:

Սա դպրոցի ուսուցիչները: Մենք ունենք նաև մեկ այլ ուսուցիչ, չէ՞, մասնագիտական, որի մոտ գնում ենք պարապմունքի, որպեսզի ավելի հմտանանք և ավելի հեշտ ընդունվենք բարձրագույն ուսումնական հաստատություն: Իմ նկարչության ուսուցիչը, որի շնորհիվ ես ընդունվեցի համալսարան, եղել է ընկեր Մելքոնյանը: Ես ընդունվել եմ, արդեն երկրորդ կուրսում եմ, դպրոցում, կյանքում, և արդեն որոշ չափով՝ համալսարանում, ճանապարհ ունեմ անցած: Ես հիմա ինչ անցել եմ, հասել եմ ուսուցիչների խորհուրդներով, ծնողներիս դաստիարակության և իմ մասնագիտական ուսուցչի շնորհիվ, բայց մի բան եմ հասկացել․ ինչքան էլ սովորեցնեն, ճանապարհի վրա դնեն քեզ, դու ես քո ուսուցիչը ու դու ես քեզ դնում քո ընտրած ճանապարհի վրա, իսկ հետո հանգիստ խղճով կամ ընդունում ես հաղթանակած ուղիդ, կամ էլ անհաջողության պատճառով մեղքը չես բարդում ուրիշի վրա, այլ վերցնում ես քեզ վրա և փորձի շնորհիվ դառնում ուսուցիչ: Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։