Արագածոտն մարզի բարձր լեռնային հատվածներում է տեղակայված Շղարշիկը: Գյուղ, որը տվել է սերունդներ, որոնցից մեկը ես եմ:
Երբ նոր էի գնում դպրոց, արդեն հասցրել էի իմանալ, որ դասընկերներս ծնվել են Երևանում, իսկ ես՝ ոչ: Սկզբում տարօրինակ էր, բայց հետո չէի էլ պատկերացնի, որ կհպարտանամ դրանով:
Գյուղը, որտեղ ծնվել եմ և անցկացրել մանկությանս գրեթե մեծ մասը, որտեղ ծնվել են հայրս ու պապիկս, ստեղծել են Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի քանի փախստականներ: Երկու փոքր վարելահողը և մի քանի խրճիթը այսօր դարձել է մի մեծ գյուղ, որն ունի մոտ յոթ հարյուր բնակիչ:
Քաղաքի դպրոցները, որոնք ամեն տարի իրենց դռներն են բացում հարյուրավոր առաջին դասարանցիների առաջ, տարբերվում են գյուղիս դպրոցից նրանով, որ մենք չունենք հարյուրավոր առաջին դասարանցիներ, այլ մեկը կամ երկուսը: Սակայն այդ մեկ-երկուսով մենք զարգացել ենք, և չկա այդպիսի մի մարդ այդ գյուղում, ով չհպարտանա իր մի կտոր հողով:
Այս գյուղ մտնելուն պես ականջիս է հասնում դարերի խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Կարոտ, որ նման է թոնրի մոխրի տակ մնացած անթեղ կրակի:
Մի անգամ՝ ամառային արձակուրդների ավարտվելու շեմին, տան կողքի այգում նստած գիրք էի կարդում, երբ լսեցի այս փոքր խոսակցությունը՝ տատիս և մորս միջև.
-Երեխա ին ունեծի:
-Հորով-մորով երեխա մեձնա…
Չեմ էլ հիշում՝ ում մասին էր խոսքը, ով էր երեխա ունեցել, և խոսակցությունը հետագա ինչ ընթացք ունեցավ, միայն այդ օրվանից սկսած հասկացա, որ այդ գյուղում ծնվող ամեն մի երեխա մի տան, մի գերդաստանի, մի տոհմածառի և վերջապես մեր ազգի շարունակությունն է:
Մինչև օրս էլ կանչում է այդ գյուղը ինձ, կանչում՝ կարոտով: Չգիտեմ, միգուցե, ծննդավայրս է, բայց դրանից զատ հարազատ է, որով միշտ հպարտացել եմ ու կհպարտանամ այն փաստով, որ ծնվել եմ այնտեղ: