Դե, ինչից սկսեմ: Գիտեք, արդեն աշուն է, ու գյուղացիների գործը մի փոքր շատացել է։ Գրեթե բոլոր գյուղերում բերքահավաք է։ Ամեն առավոտ, երբ դասի էի գնում, տեսնում էի, թե ինչպես են տատիկները վաղ արթնացել ու ընկույզ հավաքում, որ դպրոց գնացող երեխաները «չթռցնեն» դրանք։
Դպրոցից գալիս էի տուն, ու մեկ ժամ անց լսվում էր ընկուզենու թափահարվող ճյուղերի ձայնը։ Բոլորի այգիներում տան երիտասարդ տղամարդիկ կամ թոռները մի ճյուղից մյուսն էին ցատկում ու թափ տալիս ընկույզը։ Իսկ կանայք սրտի թրթիռով սպասում են, որ տղամարդիկ իջնեն ծառից ու անցնեն իրենց գործին։
Հավաքում են ընկույզը ու կեղևազատում։ Այն ընկույզները, որոնք մանր են, կամ միջուկը սև է, տատիկները պահում են ձմռանը սուջուխ սարքելու, ինչպես նաև Նոր տարվա աղցանների մեջ օգտագործելու համար։ Եթե անգամ սուջուխ չեն պատրաստում, ընկույզը կեղևազատում են, դնում վառարանի վրա, հետո ուտում։ Կան մարդիկ, ովքեր վառարանի վրա դրած ընկույզը ուտում են աղի հետ:
Հետո տատիկները կշռում են ընկույզը ու սկսում «պոպոքի բիզնեսը»: Զանգում են իրենց մշտական հաճախորդներին ու վաճառում։
Աշունը այն եղանակն է, որի ընթացքում բոլորը իրենց հեռախոսների միջի կորած համարներն են ման գալիս, որ զանգեն գնորդներին ու վաճառեն իրենց խնձորը։ Բայց այս տարի խնձորի «բիզնեսը» չստացվեց, որովհետև շուտ եկած ձյունը իր չար գործը արեց։
Բացի այդ, աշնանը տատիկները խառը թթու են դնում, որ խոր աշնանն ու ձմռանը չոր ուտելիքների հետ ուտեն։ Թթուն համեղ է այն ժամանակ, երբ ծաղկակաղամբը իր մեջ է քաշում բազուկի ողջ կարմրությունը:
Հիմա բոլորը մաքրել են իրենց այգիների տերևները, ինչպես ասում են դիլիջանցիները` «կյուտուկ»են արել և այրել։ Մի ամիս անց կգա նոր տարին, իսկ դա նշանակում է, որ «խոպանչիները» ևս կգան տուն…