Չեմ մոռացել

Քո մասին պատմող իմ բոլոր մտքերը ամուր կողպել էի հիշողությանս դարակներում, ամենը այնտեղ էր՝ պատերազմից առաջն ու հետոն։ Մի աներևույթ ձեռք կիսաթափանցիկ մատներով հրեց ու բացեց կողպեքը, տառերը իրար հրելով շարվեցին դիմացս ու քո ձայնով հարցրին. «Չե՞ս մոռացել…»

Ժամանակ հնարողը չգիտեր, որ կա հիշողություն, հիշողությունը բռնում է մեր ձեռքը, տանում անցյալ, հետո՝ ներկա, իսկ հետո կանգնեցնում է այդ երկուսի մեջտեղում ու ստիպում է քեզ բթանալ… Բթանում ես ու շարունակում ես չշարունակել։

Հիշում եմ քեզ՝ զինվորականի համազգեստով երդում տալիս. «Ես՝ Մամիկոն Կասոյանս… անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ չխնայելով կյանքս…»։

Քեզ փնտրել եմ ողջերի մեջ. չկայիր… Մեռածների մեջ էլ չկաս։

Իմ մտքերում դու այնքա՜ն ողջ ես, այնքա՜ն իրական, այնքա՜ն կենդանի։ Գիտե՞ս՝ հերոս բառից վախենում եմ, որովհետև հերոսները լքում են մեզ, հեռանում են մեզնից՝ ստիպելով բավարարվել միայն իրենց մասին հիշողություններով։ Նեղացել եմ քեզնից։

Դադար, լռություն, անիմաստ խզբզոցներ թղթին, թաց հիշողություններ, ԴՈՒ… Հոգնել եմ այս՝ անընդհատ կրկնվող շղթայից, շոշափելի իրականությունը ստիպում է անդադար պտտվել հիշողության շուրջը, չհաշտվել դրա հետ, հետո զգալ սեփական անկարողությունը ու թաքնվել իրականությունից։ Նեղացել եմ քեզնից՝ թեև գիտեմ, որ մեղավոր չես։

Ասում են՝ հերոսներին երկնային կյանքում լավ են պահում, լավ մնա իմ՝ հավերժ հերոս ընկեր…