Երեկ քայլում էի փողոցով և տեսա երկու փոքրիկ երեխաների, որոնք վազվզում էին խոտերի վրայով, ձեռքերով կպչում հողին, փակում աչքերը և վայելում այդ ակնթարթը, իսկ նրանցից մեկը կանգնել էր խոտերի վրա ու դեմքը ուղղել արևին:
Նրանց տեսնելով մի պահ նույնիսկ մոռացա, թե որտեղ եմ, և թե ուր եմ գնում: Այնքան հազվագյուտ ու հոգեհարազատ տեսարան էր, որ կարծես մանկությունիցս էր ինձ հյուր եկել: Մի քիչ հետո վերադարձա իրականություն ու սկսեցի մտածել: Ես զգում էի, թե որքան ենք մենք՝ մարդիկս, տարիքի հետ դառնում անտարբեր ամեն հնի ու առհասարակ, ամեն ինչի նկատմամբ: Մենք դեռ ունենք փոխվելու հնարավորություն և ժամանակ, դեռ կարող ենք լինել երեխաների նման մաքուր, անկեղծ և հետաքրքրասեր: Մենք ենք մեր ընտրության տերը և իհարկե մենք բոլորս էլ համարյա ամեն օր կանգնում ենք բարդ ընտրության առաջ: Եվ հենց այդ որոշումներից է կազմված մեր կյանքը: Ոմանք անընդհատ դժգոհում են կյանքից, մյուսները ամեն տեսակի դժվարություները հաղթահարում են ժպիտով և լավատեսորեն տրամադրված, մյուսները հուզվում են, մնացածն էլ ընկճվում և հետ են նահանջում: Բայց ինչքան վատ տրամադրվենք, դժգոհենք, դաժանանանք ու նեղվենք, այնքան դժվար կլինի մեզ և այն մարդկանց համար, ովքեր մեզ սիրում են, մեզանով հպարտանում և առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր մեզ շրջապատում են: Կյանքում լինում են պահեր, երբ մահը այքան շատ է օդում, որ կյանքը խեղդվում է: Այդ պատճռով կյանքին պետք է նայել լավատեսորեն, վայելել նրա մատուցած անակնկալները՝ թե լավ, թե վատ, չհիշել տխուր պահերը, հիանալ արևածագով և մայրամուտով, գիշերային երկնքով, լուսնի հմայքով, արևի ջերմությամբ, ինչպես դա անում են երեխաները: Նրանք այնքա՜ն ամուր են տպվել հիշաղությանս մեջ, որ նրանց էլ երբեք չեմ մոռանա: Եվ միթե մենք՝ մարդիկս չենք կարող ապրել այս պահով՝ թրջվել անձրևի տակ, խաղալ փոքրերի հետ, պառկել ձյան վրա և հրեշտակ պատկերել, ճանապարհորդել և կյանքը զգալ: Նայել մի փոքրիկի դեմքին, ժպտալ ու պատասխան ժպիտ ստանալ, մեծերին օգնել, մանկության գիրկը ընկնել, առաջին անգամ հրավառություն տեսած երեխայի նման զարմանալ, սիրահարվել, ինքնաթիռ նստել:
Պետք է փորձել ամեն ինչում տեսնել միայն բարին, լուսավորը և այն ամենալավը, ինչը կյանքը դարձնում է անկրկնելի ու յուրօրինակ: Երևի պետք է աշխարհին նայել երեխաների աչքերով: