Բաչու կայա

Յուրաքանչյուր իրեն հարգող մալիշկեցի իր կյանքում գոնե մի անգամ պետք է բարձրացած լինի Մալիշկային ամենամոտը գտնվող լեռան՝ Բաչու կայայի վրա։

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Անկեղծ ասած՝ ես կոնկրետ չգիտեմ, թե ինչպես է առաջացել այդ անվանումը։ Դե, «կայա» թուրքերենից թարգմանած նշանակում է քար, ժայռ։ Իսկ «Բաչու»-ն կապում են ինչ-որ աղջկա անվան հետ։ Թե ինչո՞ւ, չգիտեմ։

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Բաչու կայա։ Ոմանց համար հասարակ լեռ, իսկ ոմանց համար` ուրախ մանկության գրավական։ Հիշում եմ, թե ինչպես էինք մի քանի տարի առաջ տղերքով գետում լողանալուց հետո բարձրանում լեռը։ Մենք լեռան վրա մեր տեղանուններն ունեինք։ «Դիվան քար»՝  քար, որն ուներ բազմոցի տեսք։ «Սառնարան»՝ երկու ահռելի ժայռերի արանքում ընկած փոքր ճեղք, որտեղ արևը չէր հասնում, ու այնտեղ օդն իրոք սառն էր։

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Հայտնաբերել էինք մի քանի քարանձավ ու օրվա կեսից ավելին անցկացնում էինք այնտեղ, մողեսների ու չղջիկների միջավայրում։ Ճիշտն ասած, նրանք մեզ այնքան էլ չէին հուզում։ Ինչ ուզում՝ անում էինք։ Երբեմն զինվում էինք քարերով ու սկսում չղջիկ որսալ։

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Զինվել ասելով ի նկատի չունեմ, թե մի քանի քար լցնում էինք գրպաններս ու գնում «հարձակման»։  Դրա կարիքը պարզապես չկար։ Բաչու կայայի վրա ամենուրեք քարեր են։ Քար, քար ու էլի քար։ Քայլում ես քարերի վրայով, հասնում ես քարի, հանգստանում, շրջվում, նայում ես հետևիդ քարերին ու շարունակում ես քայլել դեպի քարերը։

Ուֆ, մանկությունս հիշեցի։ Գնամ տղերքին հավաքեմ ու գնամ մեր քարանձավը, տեսնեմ՝ ինչ կա-չկա։