-Պա~պ, պապի~…
-էն ում աղջիկնա~… Էս քեզ էլի Քյավառի ձկներն ու ռակնե՞րն են բերել…
-Չէ, պապ մաման ա բերել:
-Խի՞, պապադ էլի էդ ռակներին ու ձկներին բռնե՞լ ա…
-Չէ, էդ ձկները սատկել են, էն ռակներն էլ խեղդվել են:
…Այսօրվա պես հիշում եմ այս խոսակցությունը, կարծես թե երեկ լիներ, թեկուզ արդեն 15 տարի է անցել: Հիշում եմ, ոնց էր պապիկս ծիծաղում ու ինձ գիրկը առած համոզում էր, որ ձկները ու խեցգետինները չեն կարող խեղդվել: Բայց ես, մեկ է, իմն էի պնդում, որ խեղդվել են, ու վերջ: Սիրում էի պապիկին օգնել ու իր հետ խաղալ: Սիրում էի պապիկին վախեցնելով արթնացնել, իսկ պապիկս միշտ ժպիտով էր արթնանում, ամուր գրկում ու համբուրում էր ինձ: Երբեմն էլ ձևացնում էր, թե քնած է, ինչ է` ես իրեն արթնացնեմ, բայց դե ես արդեն գիտեի, թե պապիկը ինչի համար է ձևացնում:
-Պապի, բո…
-Ի~, պապի, արթնացի…
-Պապի, էլի եկել եմ …
-Պապիկ, էլի ձև ես անո՞ւմ:
-Գիտեմ, որ ձևացնում ես, արդնացի…
-Պապ, էլ չե՞ս խաղում ինձ հետ:
-Աշո պապիկ, արթնացի, դե~…
-Մամ, էս պապին ինձ հետ չի ուզում խաղալ, չլինի՞ էլ չի վախենում:
…Բայց այդ օրը ես այդպես էլ չկարողացա պապիկին արթնացնել: Երևի նա նեղացել էր ինձանից, կամ էլ երևի էլ չէր վախենում:
Հ.Գ Կարոտել եմ…