lida armenakyan

Անկախության սերունդ, որը պատերազմ տեսավ

Պատերազմի մասին լսել էի ծնողներիցս, կարդացել էի գրքերում ու ավելի խորը ուսումնասիրել պատմություն պարապելու ընթացքում:

Իրականում պատերազմն ինձ համար հեռու ու անիրական էր, մինչ այն պահը, երբ դպրոցում սկսեցին խոսակցություններ պտտվել… 16 տարեկանում ավարտվեց մանկությունս: Հիմա կասես` տասնվեց տարեկանում ի՞նչ մանկություն: Բայց ես հասկացա, որ մինչ պատերազմի գիտակցումը երեխա եմ եղել ու ոչ մի լուրջ հոգս չեմ ունեցել: Էդպես ավարտվեց մանկությունս, ու չորս օրվա ընթացքում լրացավ 20-ամյակս:

Դպրոցում տագնապ կար յուրաքանչյուրի աչքերում, բոլորը խառնվել էին, շատերը տուն էին շտապում, մյուսները` աչքերը լցրած, հեռախոսը ձեռքներում պինդ պահած, ինչ-որ զանգի էին սպասում: Դպրոցական օրը կարծես դժվարությամբ ավարտվեց: Մտա տուն ու մինչ, այդ պահին ինձ անհաս թվացող սենյակս կվազեի, տատիկիս հարցրի` ի՞նչ են ասում լրատվամիջոցները: Սենյակս հասնելուց հետո «քրքրեցի» ամբողջ համացանցն ու հասկացա, որ հեռուստատեսությամբ լուսաբանվող տեղեկատվությունը համացանցի տեղեկատվության 30 և իրականության 10 տոկոսն է միայն լուսաբանում:

Օրն էլ գլորեցի, մի կերպ ավարտվեց: Դրան հաջորդեցին նմանատիպ երեք օրեր: Վախն ու հպարտությունը սրտներումս ապրում էինք: Այդ օրերին մոռացել էինք դաս, պարապմունք, մաքրություն, տան հոգս ու անգամ կառավարություն: Ամեն ինչ, ինչ անցնում է մտքովդ: Ընթացքում հասկացա, որ դրանից առաջ ունեցած իմ բոլոր խնդիրները, որ անլուծելի ու չափազանց բարդ էին թվում, իրականում չնչին բաներ են:

Պատերազմի հետքը խորը եղավ: Երբ շենքը զենք ենք կարդում, բանվորը` զինվոր, խոր փոսը` խրամատ: Երբ «բաց թողնված» բառակապակցությունն օգտագործում ենք փամփուշտի հետ, երբ «դիրքեր» բառից դողում ենք ու երբ «հայրենիք» բառի մեջ հստակ ՀԱՅՐ-ն ենք տեսնում…

Ժամանակը չէր անցնում: Ոչինչ առաջ չէր գնում: Միայն տղերքն էին, որ հանուն մեզ գնացին առաջ: Ինչքան կոտրվեցինք, թևաթափ եղանք: Էլ ոչնչի ուժ չէր մնացել: Օրեցօր ցուցակում ավելանում էին զոհվածների, անհայտ կորածների ու վիրավորների անունները: Նրանցից յուրաքանչյուրն իմ եղբայրն է: Հա, հա, չզարմանաս: Բոլորը, անխտիր, բոլորն իմ եղբայրներն են: Ու հիմա, այս երկու կտոր խոսքը արցունքների միջից եմ գրում: Քառօրյայից հետո սրտներիցս մի մաս պոկվեց, գնաց: Մենք էլ չգիտենք` ուր, բայց գնաց: Գնաց անհետ ու անվերադարձ: Շուրջ մեկ ամիս և, շատերիս մոտ դեռ ավելին, անհրաժեշտ եղավ կյանք վերադառնալու համար: Եթե ինձ այդ օրերին տեսնեիր դպրոցում, կամ ասենք, պարապմունքիս վայրում, կամ էլ թե տանը` իմ սենյակում, ապա աչքերումդ ոչնչով չէի տարբերվի «Կտոր մը երկինք»-ի Թորիկից: Միայն թե աղունիկների փոխարեն երկնքում խաղաղություն էի փնտրում: Այդ օրերի ուղեկիցս Լյուբեն էր իր «Կոմբատ»-ով, Հախվերդյանն իր «Լավագույն տղերք»-ով, էլի շատ ու շատ սենց սիրուն երգեր, դե Նժդեհն իր ամենաոգևորող խոսքերով ու «Հա՞յ ես, ախպեր… Հա… Կայֆ ա, չէ՞» հոլովակն իր ժպիտներով:

Շատերը կորցրին կյանքի իմաստը, բայց շատերն էլ հենց այդ օրերին գտան ու սկսեցին ավելի արժևորել, գնահատել: Հայաստանն էլ առաջին անգամ նման ներգաղթ տեսավ, ու ես առաջին անգամ նման համախմբվածություն զգացի:

Ես այն անկախության սերնդից եմ, որ պատերազմ տեսավ:
Պատերազմները լավ բան չեն: Ազգի պատմության ու մարդու հոգեվիճակի վրա լավ չեն անդրադառնում: Ասածս ինչ է` Make love, not war…