
Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի
Ամեն հրաժեշտ յուրովի մեծ հետք է թողնում, ամեն անգամ առանձնահատուկ կերպ եմ զգում հեռավորակարոտային ազդեցությունը, որ հետո է գալու: Այն կարող է գալ մի քանի ժամ, կամ րոպե, կամ ավելի վատ է, հենց հրաժեշտի պահին` գրկումդ ամուր պահած:
Ոչինչ:
Սա արդեն երկրորդ Մե՜ծ շրջանն է, որ վազում եմ ուսում կոչված անիվի մեջ` տանից-տեղից հեռու: Միտքս ոչ մի կերպ համաքայլ չի գալիս, գոնե կարողանայի պայուսակումս պահեի: Չէ, այն տանն է` գյուղում` Պապիս ու Տատիս մոտ:
Այս անգամ Պապս… Պապս ակամա ստիպեց զգալ այդ հեռավորակարոտային դառը համը և քարկոծել հրաժեշտին, որ ընդհանրապես գոյություն ունի:
Պապս.
-Բալա, ես բոշկի վրա եմ, դոմիկի դուռը,-ու փայտը կվերցնի դռան հետևից, դանդաղ աստիճանները կիջնի ու կգնա դեպի իր նստավայրը` փողոցին մոտ:
-Որ գոնե սպես մարդ տեսնիմ, ճվան՝ Բարև~, Սարուխան եղբայր: Թե չէ տունը տատիցդ բացի մարդ չեմ տեսնի, մեկ էլ ձեզի` բալեքիս:
Պապս…
-Ես խնձորները, քանի ծիդիկները չեն կերել, կերեք, բալա ջան: Չնայած ծիդիկին ի՞նչ մեխկ տրես, սոված կենդանի է, թող ուտե,- իր սպիտակ, անուշ ձեռքերով քաղած այդ եղյամոտ խնձորները, այդ հաստ կապույտ ժակետի գրպանից կհանի, կդնի սեղանին:
Պապս…
Տատիկիս հետ անդադար վեճի կբռնվի, կնեղանա, կգնա կպառկի, կնայի վերև` մտքերով կթափառի ջահելության տարիներում, մեկ էլ կնայես` ժպտում է ակամա, տեսնես ի՞նչ է հիշել:
Ինչքան էլ հիվանդ լինի, կասի.
-Լավ եմ, բալա ջան, Փառք Աստծու, տիա՝ մե ֆշշիկըմ խմեմ ` կլավնամ:
Պապս…
-Պա՛պ, իսկ ո՞ր թոռիդ ամենաշատը կսիրես,- հարցրեցի ես մի անգամ, ակնկալելով, որ կասի` «Մարիամս իմ համար ուրիշ է»:
-Բալա, ձեռիս նայե,-ու պարզեց, սպիտակ, ցցված երակներով, տարիների կոպտությունն ունեցող, բայց և նուրբ ու արդեն փափուկ ձեռքերը,- ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա. սա՛:
Ես հասկացա ասվածի իմաստը, ու ես նաև հասկացա, որ հենց այդ պահին դա պետք է լսեի, և դա ինձ բավարարեց այնքան, ինչքան չէր բավարարի իմ ակնկալած պատասխանը:
Պապս ջահել ժամանակ եղել է գյուղի ամենահումորով մարդկանցից մեկը: Նրա մասին հումորները մինչև օրս էլ խոսվում են գյուղում, երբ մեզանից մեկը ներկա է: «Պապդ տիպ մարդ է…»,- ասում են մեր համագյուղացիները:
Ուրեմն, պապիկիս մի փեսան ռուս է ազգությամբ, ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է Ռուսաստանից Հայաստան, ամուսնացել հորաքրոջս հետ և մնացել այստեղ, արդեն համարյա 30 տարի:
Մի անգամ, երբ պապիկիս հետ տանը աշխատում էին, պապս շատ է տպավորվում նրա արած գործից, և հետո հպարտությամբ է խոսում նրա մասին:
-Պետյան էնման լավ է հասկընըմ հայերեն, որ կսեմ՝ վեդռոն տուր, հասկընըմ է, որ վեդռոյի հետ եմ, որ սըմ եմ՝ դռելը տուր, տալըմ է: Քա, Պետյա ջան, ըդման չի եղնի, յա…
Բա որ ձեռքը ձեռքին խփելով քահ-քահ ծիծաղում է: Վա՜խ, Պապ ջան:

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի
Մի օր տատիկս գնում է հորաքրոջս տուն, պապիկիս մենակ է թողնում և երեկոյան վերադառնում է.
-Որ եկա, բալա, պապիդ մեջ բանմ փոխվել էր, բայց չհասկցա՝ ինչ:
Անցնում է մի շաբաթ, մեր բարեկամներից մեկն է գալիս հյուր, հենց մտնում է տուն, միանգամից հարցնում է.
-Յա, այ Սարուխան պա՞պ, ես պեխերդ թրաշե՞լ ես:
Մեկ էլ տատս դառնում է.
-Վա՜յ, այ Սարուխան, ես պեխերդ չկա՞:
-Բա, բալա ջան, կնիգս է, 60 տարվա կնիգս է, մե շաբաթ էլ պեխերս չկա, ինքը չի հասկցե, բդի մեկմ սե, որ հասկնա: Տեսնի՞ս, հեչ պետքը չեմ:
Ես երբեք չեմ փորձի հիշել ու կարոտել մենակ պապիկիս: Իսկ տատի՞կս: Աշխարհի ամենակամեցող, իր ձագուկներին ուշադիր, ամենահոգատար, ամենաբարեհոգի ու ամենամեծ սիրտը ունեցող տատիկն է: Այս տարի արդեն 60 տարի միասին: Ինձ համար միակ օրինակելի ընտանիքը` մեծով, թոռով, ծոռով:
Տատիկս միշտ ասում է.
-Բալա ջան, երբ որ տունը մեծ չի եղնի, կերտան մե հադմ մե՜ծ, ծանր քար կբերեն կդնեն տունը, որ տունը մեծ ունենա:
Տատս ճիշտ է, հասկացե՛ք այս խոսքերի իմաստը:
Շատ անգամներ, երբ արդեն գյուղից գալիս էի քաղաք, պապս պատահում էր, որ քնած էր լինում, ես չէի արթնացնում: Նստում էի, մի քիչ վայելում պապիս ներկայությունը, նրա գեղեցկությունը, երկար նայում իմ հրաշք պապիկին:
Ես վերցնում էի նրան ինձ հետ: