Պապս…

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ամեն հրաժեշտ  յուրովի մեծ հետք է թողնում, ամեն անգամ առանձնահատուկ կերպ  եմ զգում հեռավորակարոտային ազդեցությունը, որ հետո է գալու: Այն կարող է գալ մի քանի  ժամ, կամ րոպե, կամ ավելի վատ է,  հենց հրաժեշտի պահին` գրկումդ ամուր պահած:

Ոչինչ:

Սա արդեն երկրորդ Մե՜ծ շրջանն է, որ վազում եմ ուսում կոչված անիվի մեջ` տանից-տեղից հեռու: Միտքս ոչ մի կերպ համաքայլ չի գալիս, գոնե  կարողանայի պայուսակումս պահեի: Չէ, այն տանն է` գյուղում` Պապիս ու Տատիս մոտ:

Այս անգամ Պապս… Պապս ակամա  ստիպեց զգալ այդ հեռավորակարոտային դառը համը և քարկոծել հրաժեշտին, որ ընդհանրապես գոյություն ունի:

Պապս.

-Բալա, ես բոշկի վրա եմ, դոմիկի դուռը,-ու փայտը կվերցնի դռան հետևից, դանդաղ աստիճանները կիջնի ու կգնա դեպի իր նստավայրը` փողոցին մոտ:

-Որ գոնե սպես մարդ տեսնիմ, ճվան՝ Բարև~, Սարուխան եղբայր: Թե չէ տունը տատիցդ բացի մարդ չեմ տեսնի, մեկ էլ ձեզի` բալեքիս:

Պապս…

-Ես խնձորները, քանի ծիդիկները չեն կերել, կերեք, բալա ջան: Չնայած ծիդիկին ի՞նչ մեխկ տրես, սոված կենդանի է, թող ուտե,- իր սպիտակ, անուշ ձեռքերով  քաղած այդ եղյամոտ խնձորները, այդ հաստ կապույտ ժակետի գրպանից կհանի, կդնի սեղանին:

Պապս…

Տատիկիս հետ անդադար վեճի կբռնվի, կնեղանա, կգնա կպառկի, կնայի վերև` մտքերով կթափառի ջահելության տարիներում, մեկ էլ կնայես` ժպտում է ակամա, տեսնես ի՞նչ է հիշել:

Ինչքան էլ հիվանդ լինի, կասի.
-Լավ եմ, բալա  ջան, Փառք Աստծու, տիա՝ մե ֆշշիկըմ խմեմ ` կլավնամ:

Պապս…

-Պա՛պ, իսկ ո՞ր թոռիդ ամենաշատը կսիրես,- հարցրեցի ես մի անգամ, ակնկալելով, որ կասի` «Մարիամս իմ համար ուրիշ է»:

-Բալա, ձեռիս նայե,-ու պարզեց, սպիտակ, ցցված երակներով, տարիների կոպտությունն ունեցող, բայց և նուրբ ու արդեն փափուկ ձեռքերը,- ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա. սա՛:

Ես հասկացա ասվածի իմաստը, ու ես նաև հասկացա, որ հենց այդ պահին դա պետք է լսեի, և դա ինձ բավարարեց այնքան, ինչքան չէր բավարարի իմ ակնկալած պատասխանը:

Պապս ջահել ժամանակ եղել է գյուղի ամենահումորով մարդկանցից մեկը: Նրա մասին հումորները մինչև օրս էլ խոսվում են գյուղում, երբ մեզանից մեկը ներկա է: «Պապդ տիպ մարդ է…»,- ասում են մեր համագյուղացիները:

Ուրեմն, պապիկիս մի փեսան ռուս է ազգությամբ, ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է Ռուսաստանից Հայաստան, ամուսնացել հորաքրոջս հետ և մնացել այստեղ, արդեն համարյա 30 տարի:

Մի անգամ, երբ պապիկիս հետ տանը աշխատում էին, պապս շատ է տպավորվում նրա արած գործից, և հետո հպարտությամբ է խոսում նրա մասին:

-Պետյան էնման լավ է հասկընըմ հայերեն, որ  կսեմ՝ վեդռոն տուր, հասկընըմ է, որ վեդռոյի հետ եմ, որ սըմ եմ՝ դռելը տուր, տալըմ է: Քա, Պետյա ջան, ըդման չի եղնի, յա…

Բա որ ձեռքը ձեռքին խփելով քահ-քահ ծիծաղում է: Վա՜խ, Պապ ջան:

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Մի օր  տատիկս գնում է հորաքրոջս տուն, պապիկիս մենակ է թողնում և երեկոյան վերադառնում է.

-Որ եկա, բալա, պապիդ մեջ բանմ փոխվել էր, բայց չհասկցա՝ ինչ:

Անցնում է մի շաբաթ, մեր բարեկամներից մեկն է գալիս հյուր, հենց մտնում է տուն,  միանգամից հարցնում է.

-Յա, այ Սարուխան պա՞պ, ես պեխերդ թրաշե՞լ ես:

Մեկ էլ տատս դառնում է.

-Վա՜յ, այ Սարուխան, ես պեխերդ չկա՞:

-Բա, բալա ջան, կնիգս է, 60 տարվա կնիգս է, մե շաբաթ էլ պեխերս չկա, ինքը չի հասկցե, բդի մեկմ սե, որ հասկնա: Տեսնի՞ս, հեչ պետքը չեմ:

Ես երբեք չեմ փորձի հիշել ու կարոտել մենակ պապիկիս: Իսկ տատի՞կս: Աշխարհի ամենակամեցող, իր ձագուկներին ուշադիր, ամենահոգատար, ամենաբարեհոգի ու ամենամեծ սիրտը ունեցող տատիկն է: Այս տարի արդեն 60 տարի միասին: Ինձ համար միակ օրինակելի ընտանիքը` մեծով, թոռով, ծոռով:

Տատիկս միշտ ասում է.

-Բալա ջան, երբ որ տունը մեծ չի եղնի, կերտան մե հադմ մե՜ծ, ծանր քար կբերեն կդնեն տունը, որ տունը մեծ ունենա:

Տատս ճիշտ է, հասկացե՛ք  այս խոսքերի իմաստը:

Շատ անգամներ, երբ արդեն գյուղից գալիս էի քաղաք,  պապս պատահում էր, որ քնած էր լինում, ես չէի արթնացնում: Նստում էի, մի քիչ վայելում պապիս ներկայությունը, նրա գեղեցկությունը, երկար նայում իմ հրաշք պապիկին:

Ես վերցնում էի նրան ինձ հետ: