Ես երբեք չեմ խոսել հայրենասիրությունից, բայց միշտ իմ քայլերով ու ապրած զգացողություններով գիտակցել եմ այդ բառի խորությունը:
Գիտե՞ք, երբ եք ավելի շատ զգում, որ հայրենիքը առաջին տեղում է: Երբ հյուրի կարգավիճակով լինում եք օտարի հայրենիքում: Երբ գիտակցում եք, որ ոչ մի քար, ոչ մի ճյուղ նման չէ քո հայրենիքում եղածին:
Ես երբեք չեմ բարձրաձայն ասել, թե ինչքան եմ սիրում իմ հայրենիքը, բայց ամեն անգամ ատամներս սեղմելով մղկտացել եմ նրանից հեռանալիս:
Ինձ համար հայրենիքը միշտ իմ տնից երևացող սահմանն է եղել: Ով չգիտի` ասեմ. ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում: Ու ամեն անգամ քառակի եմ սիրել այն, երբ կրակոցի ձայն եմ լսել:
Ինձ համար հայրենիքը դուդուկից հնչող «Դլե յամանն» է, մոր շուրթերից հնչող «Հայր մերը», սահմանին կանգնած զինվորի սրտի բաբախը…
Ինձ համար հայրենիքը Կոմիտասն է, խորհուրդ խորինը, խաչն ու հավատը:
Հայրենիքը հիման է, մենք ենք ու գալիք սերունդներն են, որոնք կերտելու են ազգի պայծառ ապագան:
Ես երբեք չեմ խոստովանել իմ սերը քեզ, բայց այսօր կասեմ.
-Ինչքան ուժ ունեմ, սիրում եմ քեզ, Հայրենիք: