Երբեմն լուսնի աղոտ լույսի տակ,
Երբ հովը հուշիկ փեշերն է քաշում՝
Ալեկոծելով օվկիանը անհուն,
Հոգիս թռչնի պես վեր է սավառնում.
Իմ մեջ ծնվում է քաղցր մեղեդի, մի մեղմ եղանակ։
Եվ սոսիների սոսափյունը խորթ,
Հին ու մոռացված խրատի նման,
Մի պահ թվում է այնքա՜ն ավելորդ,
Բայց դառնում հանկարծ անչափ դուրեկան
Ու ներս է հորդում առանց մնացորդ։
Մեղեդուն այդ վայրի, հեթանոսական
Ձայնակցում են աստղեր ու լուսին,
Ժայռեր ու դաշտեր, մորեխ ու լուսան,
Բայց տիեզերքի մեծ համերգի մեջ
Անբիծ մաքրությամբ հնչում է մի ձայն,
Որ գեղգեղում է թռչունը ներսիս,
Ու ներդաշնակում այնքա՜ն միալար,
Այնպե՜ս երկնային ու լիակատար,
Որ ճանաչում եմ անունը քո խորթ,
Որ հին, մոռացված խրատի նման,
Մի պահ թվում էր այնքա՜ն ավելորդ…