sona mkhitaryan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարսահարդար Գալյան

Հարցազրույց  Մարգահովիտ գյուղի բնակչուհի Գալյայի հետ

-Կպատմե՞ք մի քիչ ձեր առօրյայի մասին:

-Ես Գալյան եմ,վարսահարդար եմ մասնագիտությամբ: Ոնց տեսնում եք, ունենք մեծ հողամաս: Ամեն ինչ ցանում ենք հողամասում, ամեն ինչ ունենք: Պահում ենք մի քանի հավ: Ապրում եմ բալիկիս ու մամայիս հետ:

-Ձեր մասնագիտությամբ աշխատանք ունե՞ք:

-Առաջ աշխատում էի վարսավիրանոցում. էս վերջերս դուրս եկա: Հիմա հաճախորդներս տուն են գալիս, դե, ես հաճախորդներ ունեմ:

-Ձեր աշխատանքով կարողանո՞ւմ եք ձեր կարիքները հոգալ:

-Դե որոշ չափով` այո, բայց դժվարություններ շատ կան: Մամաս տանն ա,ախպերս` Ռուսաստանում աշխատում ու օգնում ա: Եթե չօգնի, բացարձակ չենք կարա ապրենք: Ես մենակ հողամասով ու օրական 1500-3000  դրամով չեմ կարա: Ստեղ նորմալ կարող են ապրել նրանք, ովքեր ապրանք ունեն, բերք ունեն, գոմը` լիքը:

-Իսկ գյուղից դեպի քաղաք հե՞շտ է գնալը:

-Շատ լավ ա էդ մի կողմից: Տրանսպորտը մշտական կա. գյուղի միջով ա գնում: Ես հիմնականում Վանաձոր քաղաքից եմ առևտուր անում, դե կպած ա մեր գյուղին: Գյուղի խանութներում համեմատաբար թանկ ա: Ստեղից մենակ առնում են էն դեպքում, երբ գումար չունեն, դե, պարտքով:

-Ձեր բալիկի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:

-Էստեղ ինձ համար վատ չի, բայց երեխուս համար ստեղ ապագա չկա: Սաղ երիտասարդները սովորելու համար գնում են Երևան, վարձով տուն գտնում ու իրանց կյանքը ընդեղ շարունակում: Ստեղ հետաքրքիր բան չկա: Մի հատ լավ մանկապարտեզ ունենք, երկու հատ էլ դպրոց:

-Դպրոցում մասնագետների պակաս ունե՞ք:

-Հըլը մի բան էլ ավել են: Երեխեքն են շատ քիչ: Կարող ա նենց լինի, որ առաջին դասարան մի հատ լինի, կամ` չլինի:

-Իսկ ձեր գյուղում միայն հայե՞ր են ապրում:

-Հա, մենակ հայեր են: Մոլոկաններ էլ կան, բայց կողքի գյուղերում՝ Ֆիոլետովոյում ու Լերմոնտովոյում: