Aspram Parsadanyan

Ցոլակ պապն ու Նախշուն տատը

Առավոտյան ժամը վեցն էր,  արևը իր շողերից մի քանիսն ի ցույց էր դրել հանրությանը:  Գյուղում ամենից վաղ արթնանում էր Ցոլակ պապը: Տարեց այս մարդն այնքան ուժ ու եռանդ ուներ, որ գուցե գյուղի երիտասարդ տղաներից շատերը չունենային: Ցոլակ պապն ապրում էր կնոջ՝ Նախշունի հետ, և, իսկապես, այդ կինը մի նախշն էր Ցոլակի ապրած դաժան կյանքի:  Արթնանալուն պես Ցոլակը լվանում էր ձեռքերը, երեսը և երբեմն ջրով շփում էր արևից մգացած վիզն ու արմունկները: Հետո նստում էր տան առջևի մեծ թթենու տակ դրված նստարանին, հանում չիբուխը, վառում և սկսում ծխել, սակայն ծեր թոքերն արդեն չէին դիմանում. սկսվում էր հազը: Շատ հաճախ, երբ Նախշունը դիտողություն էր անում նրան, Ցոլակը պատասխանում էր, որ երբեք չի սիրել էդ անտերը, բայց վշտերը խորտակելու համար ծխում էր (իբր ծխախոտը թեթևացնում է սրտի ցավերը):

Նախշունն արթնանում էր ամուսնու հազից և շատ հաճախ բացում էր պատուհանն ու նախատում նրան.

-Զահրումար: Քանի ասեմ` թարգի էդ անտերը: Համ տենում ես վնաս ա, համ սաղ օրը փըստ, հա փըստ, -մատները բերանին մոտեցնելով ու կեղծ հազալով՝ կրկնօրինակում էր ամուսնուն:  Փոքրիկ վեճից հետո Նախշունն իջնում էր բակ, ձեռքին՝ սուրճով լի բաժակները և մի կտոր էլ իր պատրաստած մրգային լավաշից (դե փորձելու համար):

Այս ընտանիքը կարելի էր առանձնացնել գյուղի այլ ընտանիքներց: Այս տարեց ամուսինների երջանիկ սիրո, բայց դժբախտ ամուսնության մասին գիտեին բոլորը: Ցոլակը յոթանասունն անց ծերուկ էր, իսկ Նախշունը վաթսունհինգ տարեկան էր: Եթե փորձեմ նկարագրել Ցոլակին, պետք է ասեմ, որ նրա դեմքին նայելիս դիմացինին գրավում էին մանրիկ կանաչ աչքերը, որոնք հոգատար հայացքով նայում էին քեզ, իսկ երբ ժպտում էր, աչքերը կորչում էին ակնափոսերում: Ուներ հաստ ու խառը հոնքեր, որոնք սանրում էր միայն այն ժամանակ, երբ որևէ տեղ պետք է գնար, կամ էլ պետք է դուրս գար գյուղամեջ: Ուներ սպիտակ բեղեր, որոնք ամենից շատն էր խնամում:

Նախշունն ավելի երիտասարդ էր երևում: Ուներ վարդագույն, հաստ շուրթեր, սպիտակ մազերի արանքից երևում էին դեռ չսպիտակած մի քանի մազահատիկ: Եթե նայեիր նրա՝ երիտասարդ տարիների լուսանկարները, վստահ կասեիր, որ ճակատագիրը լիովին փոխել էր նրա արտաքինը: Նախշունը, իրեն հայելու մեջ նայելիս, հաճախ հոգոց էր հանում ու քթի տակ փնթփնթում.

-Ա՜խ տարիներ, տարաք գեղեցկությունս, երիտասարդությունս:

Ցոլակն ու Նախշունը իրար ճանաչում էին մանկուց. նրանց ծնողները հարևաններ էին եղել: Մի անգամ Նախշունը կորել էր դիմացի անտառում, նրան գտել էր Ցոլակը: Օգտվելով հարմար առիթից՝ Ցոլակը ասել էր նրան իր սիրո մասին, սակայն լավության դիմաց մատղաշ աղջկանից մի կոշտ ապտակ էր ստացել: Հիմա, երբ վիճում են, Ցոլակը երեսով է տալիս.

-Պետք ա թողնեի հանդ ու չոլում գելերի բաժին դառնայիր,- ու ձեռքը քսելով այտին՝ ավելացնում է,- ա՜խ, էս ոնց է մրմռում:

Դրանից հետո սկսում են ծիծաղել, հիշել անցյալն ու մոռանում են վեճն էլ, վեճի պատճառն էլ, բայց երբ հիշողությունների անիվը գլորվելով հասնում է ամուսնական կյանքին, նրանց դեմքի ժպիտը սառչում է, կորչում վշտերի ծովում: Նախշունը քսան տարեկան էր, երբ հագավ հարսի ճերմակ զգեստը, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց: Նախշունը չկարողացավ զավակ պարգևել իր սիրելիին: Դա պատճառ դարձավ սկեսուրի և տանը մնացած տալի անվերջ վիրավորանքների: Առավոտից մինչ երեկո խոսում ու քննարկում էին այդ թեման՝ հաշվի չառնելով անգամ նրա ներկայությունը: Նրան տանը բանի տեղ չէին դնում, միայն Ցոլակն էր անկեղծ սիրում ու հարգում կնոջը: Նախշունը ամուսնու և իր սիրո համար կուլ էր տալիս այդ ամենը: Սկեսուրը նրան դիմում էր այն ժամանակ, երբ նկատողություն էր անելու կամ պետք է հրամայեր հավաքել իր կամ աղջկա կեղտոտածը: Ոչ մի ականջ չէր լսել, որ տիկին Հեղնարը նրան անունով դիմեր: «Չբեր» կամ «աղջի»՝ այս բառերով էր նա դիմում իր հարսին: Չար լեզուներն ասում էին, որ Ցոլակի հայրը հենց կնոջ դարդից էլ մահացավ: Ասում են՝ նա շատ էր հայհոյում իրենց տատերին, որ տարիներ առաջ, դեռ բարուրում երեխաներին ամուսիններ էին կնքել (այդ սովորույթը կոչում էին «բաշիքյարթմա»):

Կեսօր էր: Հուլիսյան արևը սպառնում էր խանձել ու չորացնել ամեն ինչ: Նախշունը վաղուց էր արթնացել ու քանի որ առավոտյան խոսք էր տվել ամուսնուն հարիսա եփել, նստած մաքրում էր ձավարը, երբեմն էլ փեշով մաքրում էր ճակատի քրտինքը: Հանկարծ դրմփոցով բացվեց տան դուռը. կարելի էր եզրակացնել, որ եկողը ոտքով բացեց այն: Ներս մտավ մի տղա, ով իր մկանոտ ձեռքերով գրկել էր Ցոլակի որովայնը:

-Վա՜յ քոռանամ ես, բեր, բեր, Աշոտ ջան, թախտին պառկացրու: Էս ի՞նչ ա էլել, Աշոտ ջան:

-Գիդեմ ոչ, Նախշուն մոքիր, ասի` գամ քեռի Ցոլակին ձեն տամ, որ մի քիչ դինջանանք, տենամ վեր ընգած ա:

-Ապրես, մատաղ, ապրես: Ցոլակ ջան ո՞նց ես, հլա խոսի, մատաղ,- նրա հարցերի պատասխանն էր դառնում` «վա՜յ , վա՜յ»:

Անցան օրեր, նույն թախտին պառկած էր Ցոլակը, կողքին՝ Նախշունը, ով քրտնքի փոխարեն սրբում էր արցունքները: Գյուղի բժիշկը ասել էր, որ Ցոլակին քիչ ժամանակ է մնում ապրելու:

-Նախշու՜ն:

-Հա ջան, ասա, Ցոլակ ջան ,- ամուսնու վրա թեքվելով՝ պատասխանեց Նախշունը:

-Դու գիդես, որ ես ձևական բաներ չեմ սիրըմ, գիդեմ, որ մեռնում եմ: Դարդս դու ես, Նախշուն ջան, քեզ ո՞ւմ եմ թողելու: Պետք ա թողել էի` գելերը քեզ կերել էին, որ հըմի սրտիս դարդ չլեիր: Դու իմ համար շատ բան ես կուլ տվել. որ մեռնեմ, շատ չլացես, էն վախտ էլ էի ասում, հըմի էլ եմ ասում: Երբ որ մի տեղդ ցավում ա, մի լացի, մատաղ ըլնեմ, սեղմի ատամներդ ու պայքարի, դու չպտի հանձնվես:

Վերջին բառերը մի կերպ դուրս թռան նրա բերանից: Ոչ ոք դեռ այդ մարդու աչքերին արցունքի կաթիլ չէր տեսել: Ցոլակը հաճախ էր ասում. «Այ կնիկ, դու լացում ես՝ հանգստանում, իսկ իմ արցունքները ներս են գնում, ու կամ դեմքիս նոր կնճիռ ա ավելանում, կամ էլ գլխիս՝ սպիտակ մազ»: Այս օրը այն միակ օրն էր, որ ճակատագիրն իր վշտի անդունդն էր նետել այդ ալեհեր ծերուկին, այն օրն էր, որ մեկը պետք է տեսներ նրա արցունքները, որը չէր դառնալու ոչ կնճիռ, ոչ էլ նոր մազահատիկ էր սպիտակեցնելու:

Նա անթարթ հայացքով նայում էր մրոտ առաստաղին, երբ այդքան տարի սրտում կուտակած արցունքները սկսեցին թափվել աչքերից: Վերջին հատիկը սառավ դեմքին, սառավ նաև մարմինը:

Անցավ մեկ տարի: Նախշունը ամուսնու մահից հետո ծերացել, մի բուռ էր դարձել: Անգույն,  մենակ ու մռայլ էին դարձել նրա օրերը: Նրանց կրակին էլ երբեք չեփվեց ավանդական հարիսան:  Խավար գիշերը այդ խրճիթում ոչ մի ճրագ չէր վառում, լույսի շող չկար: Գյուղի գերեզմանատանը հավերժական դրկիցները գրկել էին իրար և կատակում էին անցած-գնացած օրերի մասին, բայց երբ հերթը հասնում էր ամուսնական կյանքին, լռում էին, և Ցոլակը սփոփում էր կնոջը. »Սեղմիր ատամներդ ու պայքարիր»:

Լռությունն ու խավարը կուլ էին տալիս Նախշունի թափած արցունքներն ու Ցոլակի վշտերը: