Ահա արդեն տևական ժամանակ է խոսակցություններ ենք լսում դպրոցների օպտիմալացման մասին: Առաջ նման խոսակցություններին ուշադրություն չէինք էլ դարձնում, սակայն հիմա ամեն մի նման լուրից իրար ենք խառնվում, փորձում հասկանալ՝ ինչ է դա, որովհետև այդ լուրերը սկսել են նաև մեզ առնչվել: Ասում են՝ մեր դպրոցը ևս փակվելու է: Պարզաբանումներ ստանալու նպատակով որոշեցի հարցազրույց վարել մեր՝ Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի և փոխտնօրեն Լիլիթ Եփրեմյանի հետ:
-Ընկեր Քալաշյան, վերջերս շատ են խոսում դպրոցների օպտիմալացման մասին, կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչ ծրագիր է դա:
-Օպտիմալացման ծրագրին մենք բախվեցինք, երբ կոնկրետ մեզ վերաբերվեց դա: Ծրագիրը իրենից ներկայացնում էր այսպիսի մի սխեմա` դպրոցներ էին փակվելու: Գումար խնայելու հարց էր միգուցե այստեղ: Որոշ դպրոցների փակվելուց հետո խնայված գումարը ուղղորդվում է մեկ այլ դպրոց ավելի բարելավելու և կրթության որակը բարձրացնելու համար:
-Լուրեր են պտտվում, որ մեր դպրոցը նույնպես փակվելու է: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Նախ ասեմ, որ այդ լուրերը շատ ցավոտ է լսելը: Այո, մեր դպրոցը արդեն փակվելու առաջ է կանգնած: Դպրոցը 50 տարվա պատմություն ունի, կայացած է որպես ավագ դպրոց, ունի գրեթե 300 աշակերտ: Իմ կարծիքով այն չի կարող փակվել, քանի որ բավականին լավ ցուցանիշներ ունենք: Քաղաքում կա 2 ավագ դպրոց, և մեր դեպքում աշակերտների թիվը բավարար է: Սակայն մեզ ասացին, որ կա մի այսպիսի տարբերակ. ավագ դպրոցից դառնալ հիմնական: Ինչքանո՞վ է նպատակահարմար. մենք արդեն կայացել ենք որպես ավագ դպրոց, ունենք լավ մասնագետներ և ունենք աշակերտներ, ովքեր բավականին բարձր ուսման առաջադիմություն ունեն:
-Փակվելուց հետո ո՞ւր պետք է գնան աշակերտները և ուսուցիչները:
-Առաջարկ կար, որ փակվելու դեպքում աշակերտները ուսուցչական կազմի հետ միասին տեղափոխվեր քաղաքի մյուս ավագ դպրոցը: Աշակերտների համար բավականին դժվար էր համակերպվել այդ առաջարկին: Բազմիցս դժգոհություններ լսել ենք, բայց տեղափոխության դեպքում նրանց հետ կապված ոչ մի խնդիր չի լինի:
-Կլինե՞ն ուսուցիչներ, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքը այս որոշումից հետո:
-Տեղափոխության արդյունքում աշակերտները հաստատ չեն տուժի: Ուսուցիչների հարցն է անորոշ, քանի որ չգիտենք. արդյո՞ք բոլորը նոր դպրոցում աշխատանք կունենան, թե ոչ: Ուսուցիչներ կան, ովքեր արդեն մոտ են կենսաթոշակային տարիքին, և հնարավոր է, որ նրանք կորցնեն աշխատանքը:
-Դպրոցից դուրս մենք շատ խոսակցություններ ենք լսում, թե ինչու պետք է փակվի, կամ որ հաստատ փակվելու ենք…
-Մեզ էլ են այդ խոսակցությունները հասնում, և շատ վատ են անդրադառնում բոլորի վրա: Առայժմ ոչ մի բան հավաստի չէ: Մենք դիմել ենք կրթության նախարարություն: Մեզ ասել են, որ շարունակենք մեր աշխատանքը, սակայն խոսակցությունները չեն դադարում: Ինչ խոսք, բավական ճնշող մթնոլորտ է:
Սակայն մենք շարունակում ենք աշխատել, նույնիսկ ավելի է աշխուժացել դպրոցի առօրյան: Այս տարի բավական հաճախ տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, խմբակներ ենք ստեղծել, որոնք անվճար են, աշակերտները սիրով հաճախում են: 50 տարվա դպրոցը չի կարող հենց այնպես փակվել կամ տարբեր խոսակցությունների պատճառով դադարեցնել աշխատանքը:
-Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, և արդյո՞ք այլ կերպ հնարավոր չէր լուծում տալ այս հարցին:
-Չգիտեմ, հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ինչ խոսք, երկրում կա ֆինանսական խնդիր, բայց դպրոցների հաշվին կատարել փոփոխություն, միջոցներ խնայել, ըստ իս, ճիշտ չէ: Նույնիսկ պատերազմի տարիներին դպրոցները չեն փակվել, ընդհակառակը, դպրոցներ են կառուցել, ինչպե՞ս կարելի է հիմա, այս խաղաղ պայմաններում փակել: Կապ չունի՝ դա մեր դպրոցն է, թե մեկ այլ. խնդիրը նույնն է: Եթե մի քաղաքում կառուցել են 10 դպրոց, ուրեմն դրա անհրաժեշտությունը եղել է, և պետք չէ վերցնել ու հենց այնպես փակել դրանք կամ միավորել:
Զրույցը շարունակում եմ փոխտնօրեն Լիլիթ Եփրեմյանի հետ:
-Ի՞նչ եք մտածում դպրոցի փակման հարցի շուրջ:
-Դպրոցը փակելու վերաբերյալ ասեկոսեները մեզ են հասել մասնավոր խոսակցությունների մակարդակով, այդ պատճառով դժվարանում եմ մեկնաբանել այդ լուրերը: Իսկ ընդհանրապես դպրոց փակելու երևույթը, որպես այդպիսին, անվստահություն հայտնելու և վաղվա օրը կասկածի տակ դնելու առիթ է տալիս:
-Դուք դպրոցի աշակերտներից շատերի հետ եք շփվում, կասե՞ք ինչպես են նրանք արձագանքում այդ հարցին:
-Աշակերտները այդ լուրերը լսելով ընկճվել էին, սակայն այժմ լավատեսորեն են տրամադրված` հույս ունենալով, որ այդ խոսակցությունները այդպիսին էլ կմնան:
-Իսկ ուսուցչական կազմը ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ:
-Ուսուցչական կոլեկտիվի դիրքորոշումը ներկայացված է ՀՀ վարչապետին ուղղված նամակում:
Ես էլ այս դպրոցի աշակերտ եմ և հիմա նույնպես տագնապած եմ այս լուրերից: Մեկ տարի է, տեղափոխվել ենք ավագ դպրոց, երկար ժամանակ հարմարվում էինք նոր միջավայրին, նոր դասընկերներին, և հիմա, երբ պատկերացնում ենք, որ փակվելու դեպքում նորից նույնը պետք է անցնենք, բոլորս էլ նեղսրտում և բարկանում ենք: Կարծում եք՝ հե՞շտ է: