Ազատան. նկարահանումներ

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Շիրակի պատանի թղթակիցներով գնացել էինք գյուղ Ազատան ֆոտոներ անելու: Շատ հետաքրքիր էր գյուղացիների ապրելակերպը: Ես նկատեցի մի ծեր մարդու՝ քարին նստած: Մոտենալով ասացի.
-Բարև ձեզ:
Պատասխան չստացա:
-Ինչըխ ե՞ք:
Կրկին պատասխան չկա:
Սկսեցի ներկայանալ.
-Ես Դավիթն եմ: «Մանանա» կենտրոնի սան եմ և եկել եմ նկարել սովորելու: Հո դե՞մ չեք, որ ձեզի նկարեմ:
-Ի՞նչ է էղե, տղա ջան:
Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Դարձյալ նույնը.
-Ես «Մանանա» կենտրոնի սան եմ: Եկել եմ նկարել սովորելու:
Վերջապես հնչեց այդքան երանելի պատասխանը.
-Տղա ջան, դու մեր Սարոյի թոռը չե՞ս:
Հասկացա, որ պապիկը այդքան էլ լավ չի լսում, բայց ալարեցի այդքանը կրկին ասել:
-Հա, պապ ջան: Հա: Կթողնի՞ս նկարեմ:
Հայացքին ավելացնելով ժպիտ ասաց.
-Նկարե, տղա ջան: Սպես լա՞վ է:
-Շատ լավ է:
Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Ես նկարեցի նրան և ժպիտով հաջողություն մաղթեցի շատ բարձր ձայնով: Սակայն կասկած մնաց իմ մեջ.
-Տեսնես լսե՞ց, թե չէ՞:
-Էդ ի՞նչ կենես, այ տղա,- ձայնին տալով բարձր տոն՝ հարցրեց մի ուրիշ տատիկ:
-Հեչ: Նկարեմ գը, տատ ջան: Ավելի ճիշտ, սորվիմ գը նկարել:

Արդեն ձայնը փափկացնելով հարցրեց.

-Նկարելուց բացի կարող ա՞ ուրիշ բան ուզես, բալա:

-Չէ, տատ ջան:

-Աղջիկ էլ չէս ուզե՞:
-Դէ չէ:
-Իյա՜: Հասմիկ, Տաթև, Վարդ… Արեք:
Իմ դիմաց կանգնեցին 7-ից 15 տարեկան 7 աղջիկ:
-Որի՞ն կուզես, բալա:
Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Սկզբում փորձեցի մտածել` ում ընտրեմ: Հետո ինքս ինձ սաստելով պատասխանեցի.
-Ոչ մեկին:
Ծիծաղելով ասաց.
-Դե, որ աղջիկ չես ուզե, գոնե բդի մեր բաղչի խաղողը ուտես: Հասմիկ, Տաթև, Վարդ… Հլը խաղողը բերե՛ք:
Խաղողը շատ համեղ էր, բայց հասկացա, որ եթե մի քիչ էլ երկար մնամ, դժվար կարողանամ գնալ տուն, մի խոսքով, եկավ հրաժեշտի պահը՝ մի հուզվել, մի լաց, ոնց որ լինեի նրանց կորած տղան: Ես քիչ-քիչ հեռանում էի:
-Էլ չե՞ս գալու,- օգտագործելով վերջին ճիգը անհանգստացած բղավեց նա:
-Մնա` հինգ տարուց կերևամ,- նրան հանգստացնելով ասացի ես ու հեռացա ինքնավստահ քայլով:
Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի