Իմ ձեռքբերումներն ու կորուստները

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այս տարի, երբ 2015-ը նոր-նոր էր մուտք գործում իմ կյանք, ես որոշել էի, որ այն պիտի հաջող տարի լինի: Իհարկե, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ դժվարություններ եղան, որոնք գուցե ինձ ավելի ուժեղ ու նպատակասլաց դարձրին: 2015-ին սկսեցի պարապել համալսարան ընդունվելու նպատակով, օլիմպիադաների մասնակցեցի, հաջողություններ ունեցա նաև ռազմագիտության ոլորտում: Տարին համարյա ավարտվում է, բայց ես անգամ հասցրի ծանոթանալ Հայաստանի Պատանի թղթակիցների ցանցի հետ, տպագրվեցի 17.am-ում: Ես սա մտցնում եմ ինձ համար կարևոր ձեռքբերումների մեջ:
Սակայն, այս հաջողությունների հետ մեկտեղ ես ունեցա նաև անդառնալի կորուստ. իմ ամենասիրելի ուսուցչուհին հեռացավ կյանքից…
Ես մի քանի տարվա մեջ նրա հետ ամուր կապով կապվել էի, ընդունում էի հարազատ ծնողիս պես, բայց մահն այս անգամ կյանքից զորեղ գտնվեց: Այս դեպքն ինձ շատ կոտրեց, մի տեսակ կորցրի ուրախ կյանքի իմաստը: Բայց ես երբեք չեմ մոռանա նրան ու հանուն նրա հիշատակի կհասնեմ էլ ավելի մեծ հաջողությունների: Ասում էր` ուզում ես, պիտի հասնես: Եվ ես կհասնեմ:
Ինչևէ, ժամանակն անտեղի վատնել պետք չէ: 2015-ը վատ տարի չէր, բայց 2016-ը թող ավելի լավը լինի բոլորի համար: Միշտ հիշենք, որ մեր կյանքի վրձինը մեր ձեռքում է: