anna  andreasyan

Ազատության տարիներ կամ մանկություն

Կարանտինի այս օրերին գյուղի և քաղաքի բնակիչները իրարից շատ տարբեր փորձառություն են ունենում: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր տարիքային խմբերին, բայց հաշվի առնելով օրը, անդրադառնամ երեխաներին: Մեր բակի երեխաները` չնայած այն աղմուկին, որ բարձրացնում են, մի տեսակ փայլ են հաղորդում մեր փողոցին: Նրանց համար կարծես թե ոչինչ չի փոխվել, դե բացի այն բանից, որ դպրոց գնալու փոխարեն մի քանի ժամ տանից էին դաս անում, մնացած ժամանակը անցկացնում էին ճիշտ այնպես, ինչպես առաջ էր: Երևի կհիշես՝ նախորդ հոդվածներիցս մեկում արդեն ներկայացրել եմ այդ երեխաներից ոմանց: Նրանք միշտ միասին են ու միշտ զբաղված են ինչ-որ «կարևոր գործով»:

Նրանք արթնանում են առավոտ շուտ՝ աշխատանքի գնացողների հետ ու սկսում իրենց՝ աղմուկից անպակաս խաղը: Այն ժամանակ, երբ ես նոր արթնանում եմ, նրանք արդեն մի կարճատև հանգստի են գնացած լինում: Հետո նորից հավաքվում են, ու այսպես շարունակ: Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ ինձ էլ են ներքաշել: Երեկոյան միշտ դուրս եմ գալիս բակ՝ մաքուր օդ շնչելու ու երեկոյան թարմ, սառը եղանակը վայելելու: Դրանից մի քանի րոպե հետո կարող ես տեսնել ինձ նրանց հետ միասին գնդակ խաղալիս ու գոռգռալիս։ Հատկապես դասերի ժամանակ, երբ ամբողջ օրը համակարգչի առջև էի, հենց մի քիչ ազատ ժամանակ էի ունենում, պարտադիր գնում էի դուրս՝ նրանց հետ գնդակ խաղալու:

Այդ հասարակ խաղերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած վազվզում ես, մոռանում ես քեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չեմ, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Դու գտնվում ես այն փոքրիկ մարդկանց խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Եթե բարկացած ես, մի լավ բղավում ես կամ էլ լացում ու անցնում առաջ: Դու կարիք չունես քեզ ու քո փոքրիկ մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ էր, որ նրանց իրավունք էր վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ էին նրանք, թերևս, իրապես ազատ: