անի հարությունյան /մայիսյան/

Ալաշկերտից Ալաշկերտ

Վարդգես Հարությունյանը հայրիկիս պապն է՝ 84 տարեկան։ Նրա ընտանիքը եղեռնից է մազապուրծ եղել։ Մինչև հիմա, երբ խոսում է նրանց մասին, արցունքներ են երևում աչքերին…

-Պապ, որտեղի՞ց եք արմատներով:

-Արմատներով Ալաշկերտից եմ (Արևմտյան Հայաստան): Նանիս (մայրս) ու հայրս այնտեղից են սերում:

-Ինչպե՞ս և ե՞րբ են եկել Հայաստան:

-1918 թվականին, երբ թուրքերը սկսել են այդ տարածքում ջարդերը, ծնողներս ոտքով փախել, եկել են: Մայրս պատմում էր, որ երբ անցել են Մուրադ գետը, գետի ափին բարուրով երեխաներ են եղել դրված: Նրանց չեն կարողացել անցկացնել ու թողել են այն ափին: Ես այստեղ եմ ծնվել, բայց ինձնից առաջ ծնողներս 8 երեխա են ունեցել: Ճանապարհին 6-ը մահացել են:

Մայրս նաև պատմում էր, որ մեր Հարություն պապը շատ խիստ մարդ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել լքել իր տունն ու ունեցվածքը։ Երբ նրանք արդեն բարձրացել են սարը, լուր է եկել, որ Հարություն պապին ողջ-ողջ այրել են։

-Հայաստանի ո՞ր շրջանում են հաստատվել ծնողներդ: 

-Սկզբում Էջմիածնի տարածքում` վանքի պատերի տակ են ապրել: Հետո գնացել են Ապարան, այնտեղ չեն կարողացել ապրել ու հետ են եկել Արարատյան դաշտավայր: Այն ժամանակ Քյարիմախ գյուղում են հաստատվել, որը հետո վերանվանվել է Սովետական, իսկ հիմա` Ալաշկերտ:

-Մանկությունդ անցել է Ալաշկերտում (Հայաստան): Ի՞նչ ես հիշում:

-Թերի միջնակարգ դպրոց եմ գնացել` մինչև 7-րդ դասարան: Փող չունեինք պայուսակ գնելու: Շորից «չանթիկ» էինք սարքում պայուսակի փոխարեն: 7-րդ դասարանն ավարտելուց հետո գնացի Արմավիր գյուղ` պոլիտեխնիկում սովորելու:

-Ե՞րբ եք եկել Մայիսյան:

-1954թ. գնացել եմ ծառայության, վերադարձել եմ միանգամից Մայիսյան: Մեկ տարի աշխատել եմ, ու ինձ տուն են տվել, որտեղ հիմա ապրում ենք:

-Երբ եկաք Մայիսյան` ինչպիսի՞ն էր կյանքն այստեղ:

-Սկզբում ապրում էինք «բարակներում»։ Նեղ, երկար միջանցքներով շենք էր՝ իրար շատ մոտիկ սենյակներով։ Տարբեր տեղերից եկած փախստականներն այդտեղ էին ապրում։

-Ի՞նչ եք աշխատել Մայիսյանում:

-Աշխատել եմ «բրիգադիր»: Հետևում էի դաշտերի աշխատանքներին, բանվորների հետ էտում էինք ծառերը, բերքահավաք անում: Աշխատել եմ մինչև 90-ականները ու անցել թոշակի:

-Պապի, իսկ ձեզ համար «ձեր ժամանակներն» էի՞ն լավ, թե՞ հիմա:

-Էն թվերին շատ լավ էր: Ապրելը հեշտ էր: 100 մանեթ ստանում էինք` ամբողջ ամիս ամեն ինչով ապահովված էինք: Հիմա աշխատանք չկա, ամեն ինչ թանկանում է, դժվարացել է: