«Ալբատրոս» թատրոնը

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Շվեդիայի հարավում` Հալլանդի Տուկալինյա բնակավայրում է գտնվում սովորական մի թատրոն: Սովորականն այսքանով ավարտվում է:

Ռոբերտ Յակոբսոնը և նրա կինը` Օսսան, հիմնադրել են «Ալբատրոս» թատրոնը շատ տարիներ առաջ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Թատրոնը գործում է վաղուց լքված դպրոցի շենքում` շրջապատված խիտ անտառներով ու լճակներով, հեռու բնակավայրերից:

Երբ մտնում ես ներս, այստեղ էլ, ինչպես ընդունված է շվեդական ընտանիքներում, կոշիկներդ պետք է հանես, ուստի արտահայտությունը, թե թատրոնն սկսում է հանդերձարանից, «Ալբատրոսում» ուղղակի իմաստ ունի, երբ տեսնում ես դռան առաջ անփույթ շարված մի քանի տասնյակ կոշիկներ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Եվ երկրորդ թևավոր խոսքը այստեղ նույնպես ուղղակի է. ապրել թատրոնով: Բազմաթիվ փորձասենյակների կողքին ննջասենյակներ կան, կարծեմ քսանը: Հենց այս օրերին Իտալիայից մի երիտասարդական թատերախումբ է ապրում և նոր ներկայացման փորձերն անում «Ալբատրոսում»: Իտալիայում շոգ է, աշխատել չի ստացվում: Ռոբերտը հրավիրել է Շվեդիա: Ի դեպ, անընդհատ ֆինանսական միջոցներ փնտրող թատերախումբը կեցության համար գումար չի վերցնում իտալացիներից, առհասարակ բոլոր այն արվեստագետներից, ովքեր գալիս են արվեստ արարելու:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Ալբատրոսի» ներկայացումներն էլ անսովոր են. ներկայացումը կարող է ընթանալ թե դահլիճում, թե փողոցում, որտեղ ասեք: Դա երևի էական չէ: Հյուրախաղերով հանդես են եկել ավելի քան քսաներեք երկրներում, և թեև ներկայացումները շվեդերեն են, բայց հասկանալի են բոլորին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ռոբերտն ու Օսսան իրենք են ընտրում թեման, գրում սցենարը, պատրաստում դեկորացիաները, նկարչական ձևավորումները, փնտրում գտնում հենց այդ ժամանակի իրեր, հագուստ, իսկ թե ինչքան գրականություն են ընթերցում ժամանակաշրջանի մասին, որն ուզում են ներկայացնել, կպատկերացնեք, երբ տեսնեք այն գրականությունը, երաժշտությունը, արվեստագետների գործերը, որոնք ապրել են հենց այդ ժամանակ: Օրինակ, մի քանի սրահներով անցնելիս թվում էր հեղափոխական Ռուսաստանում ենք 1917-ին, Լեհաստանի հրեական Գետտոյում, Կոնգոյում…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Իսկ աշնանը Ռոբորտ Յակոբսոնը եկել էր Հայաստան` ծանոթանալու իր անվանակցի` դերասան Ռոբերտ Հակոբյանի հետ, հրավիրելու Շվեդիա միասին ներկայացում անելու` երկու Ռոբերտ Յակոբսոն կամ երկու Ռոբերտ Հակոբյան Հայոց Ցեղասպանության մասին:

-Մեր ներկայացումները ստանդարտ պիեսներ չեն, էլեգանտ ու գեղեցիկ,- բացատրում է Ռոբերտը,- տարեցտարի մեր համոզմունքների փոփոխվելուն զուգահեռ կարող ենք ամեն բան փոփոխել: Բայց կարող ենք նաև մեր խաղացանկից չհանել մի բան, որը շատ ենք սիրում: Օրինակ, մեկը խաղում ենք արդեն քսան տարի:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ շրջում ես «Ալբատրոսի» սրահներով, մի պահ մոռանում ես, որ փորձարարական թատրոնի շենքում ես: Նկարները, կոլաժները, արձանիկները քեզ տանում են մեկ Բելառուս, մեկ Ռուսաստան, մեկ Աֆրիկա, մեկ Լեհաստան… Այստեղ գործում է նաև մշտական ցուցահանդես արևելաեվրոպական ու Աֆրիկայի արվեստի ցուցանմուշներով:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե իսկ «Ալբատրոսի» հետ մեր հանդիպումը պատահական չէ: Հալլանդ երկրամասի աջակցությամբ նրանք ներկայացումներ են անում դպրոցականների համար ևս: Անցնում եք Աֆրիկայի մասին, եկեք ուրեմն ներկայացում պատրաստենք: Ասենք, մեծ ձկան մասին, որն ապրում է Աֆրիկայում: Աշակերտների հետ ուսումնասիրում են թե երաժշտությունը, թե առհասարակ կյանքը, կենցաղը, խնդիրները, երեխաները իրենք էլ խաղում են դերերը, և դասագրքի չոր տվյալներն ու փաստերը դուրս են գալիս էջերից, կենդանանում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե այդքանից հետո փորձիր չհիշել ու չհասկանալ, թե ինչի մասին էր դասդ: Դպրոցական ներկայացումները նաև նկարահանվում են, ցուցադրվում հաջորդ տարիներին ևս: Արդեն քսան տարի այս գործընթացը «Ալբատրոսի» կարևոր ուղղություններից մեկն է:

«Ալբատրոսն» իսկապես անսովոր թատրոն է: