jenya yeghikyan

Վերնագիրը՝ քեզնից

Ես… ես կմկմալով կասեմ, բայց թույլ տուր՝ ձայնս քեզ վրա դողա։ Եվ առհասարակ, ես ինքս եմ լարախաղացի նման քեզ վրա դողում, ձայնս դեռ ի՞նչ է որ։ Ձեռքերս, ոտքերս դողում են՝ ի տարբերություն սրտիս, այն միայն զարկերն է արագացնում։ Անկեղծ, ինքս էլ չգիտեմ՝ ինչպես ասեմ, որ զարկերը արագացնելով ոչ մի լավ բանի չենք հասնի, գոնե տեսնի՝ ձեռքերս ինչ են անում, դրանց օրինակին հետևի։ Գերազանցիկ և օրինակելի է ուղեղս։ Համ սառն է դատում, համ երկար-բարակ մտածում, հետո որոշում կայացնում։ Ինձ հետ չի համակերպվում, ստիպում է քո մասին մտածեմ, խոսքը փոխանցում է սրտիս ու հրամայում, թե գրի՛ր։ Գրի՛ր մինչև էջերդ պատռվեն, գրի՛ր մինչև թանաքդ վերջանա (ի դեպ, թանաք ասելով՝ համբերությունս էլ նկատի ունեմ), վերջապես դողացող ձեռքերովդ գրի՛ր, հաշվի մի առ սրտիդ զարկը, մի օր տեղից դուրս կթռչի ու կհասկանա, որ իզուր էր, որ արագ սրտով որոշում կայացնել պետք չէր։ Ես շեշտերը միայն նրա համար չեմ դրել, որ լեզվի կանոնն է այդպես պահանջում, շեշտում եմ, ուրեմն հրամայում եմ։ Ձեռքերս շահագործել պետք չէ, դրանց՝ ենթարկվելու կարողությունը ոչ մի կերպ չի արդարացնում դա։ Միշտ տողատակում սևագրած ունեն, ձեռքերը, որ անունդ են գրում, քեզ գրկել են ուզում։ Ամենաանկեղծ ցանկությունը դողացող ձեռքերիս։ Եվ վերջապես, քեզնից հետո ձեռքերս ավելի են վարժվել, ավելի հստակ են գրում, բացակայությունդ ավելի խոսո՞ւն էր։ Ձեռքերս ձեռքերը լվացել են քեզանից…