«Ակլը մարեմ, ձեր տղայի կոշիկը կարեմ…»

 

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Տյառնընդառաջը իմ սիրելի տոներից մեկն է, որին պատրաստվում ենք մեծ շուքով։ Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան սկսում է ժամերգությունը, որին մասնակից ենք լինում ընտանյոք հանդերձ։ Ժամերգության ավարտից հետո օրհնված ճրագ ենք տանում տուն՝ վառում մեր բակի խարույկը, և սկսվում է տոնակատարությունը։ Մայրս և տատս բերում են մեր ավանդական աղանձը՝ և այն իրար հյուրասիրելով սկսում ենք շուրջպարը։ Հետո շարունակում ենք ուրախությունը Եղեգնաձորի մշակույթի տան բակում կազմակերպած միջոցառմանը մասնակցելով։ Խարույկի մոտ երգում, պարում, ուրախանում են բոլորը։ Ըստ ավանդազրույցի, խարույկի վրայով թռչելիս մեր բոլոր հիվանդությունները թափվում են կրակի մեջ։ Ուշ երեկոյան տուն մտնելով մայրս սեղանին է դնում աղանձ, կուտապ, գաթա, որի մեջ տատս անպայման կոճակ է դնում։ Ըստ ավանդույթի, ում բաժին ընկավ կոճակը, նա կստանա Տիրոջ կողմից մեծ հաջողություն։ Որից հետո թաղի երեխաներով կերպարանափոխված գնում ենք հարևանների տները, տոպրակը գցելով արտասանում ենք հետևյալ բառերը՝ «Ակլը մարեմ, ձեր տղայի կոշիկը կարեմ»։ Նրանք այդ տոպրակի մեջ լցնում են աղանձ, չիր և այլ քաղցրավենիք։ Մենք այն թաղի երեխաներով տանում ենք նախօրոք վառած մեծ խարույկի մոտ և սկսում ենք ուտել և ուրախանալ։ Լուսաբացը դիմավորելուց հետո վերադառնում ենք տուն։ Չգիտեմ, թե ձեր մարզերում ինչպես է անցնում Տյառնընդառաջը, բայց այսօր, եթե այցելեք Եղեգնաձոր, դուք էլ մասնակից կլինեք ժողովրդական այս տոնախմբությանը։

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի