Ակնոցս տա՞մ

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երևի ընդհանրապես անտեղի բան եմ հիմա գրում, բայց էլ չգրել չեմ կարող։ Երբեմն կարդալով կարծիքներ ու հոդվածներ մեր սերնդի, Հայաստանի ու ընդհանրապես, հայերի մասին, ինձ թվում է, թե ես ու մյուսները լրիվ ուրիշ Երևաններում ենք ապրում։ Բոլորն ասում են՝ թե բա տեսա՞ք՝ մեր սերունդն ինչ արեց, իսկ դուք թերագնահատում էիք։

Չգիտեմ՝ ձեզ ոնց, բայց ինձ ոչ ոք երբեք չի թերագնահատել։ Կյանքում չեմ լսել, մինչև այս հեղափոխությունն էլ, որ ինչ-որ մեկն ասի, թե մեր սերունդը լավը չի ու անխելք է։ Ցանկացած հարցի շուրջ մայրս ինձ միշտ սովորեցրել է ինքնուրույն մտածել ու լուծում գտնել, ասելով, որ ես ավելի խելացի եմ, մեր սերունդն ավելի խելացի է։ Դե, չգիտեմ, գուցե էդպես ներկայացնելը ձեզ համար ավելի ռոմանտիկ է, դե, իբր, տեսեք-տեսեք՝ դուք չէիք հավատում, մենք արեցինք։ Չգիտեմ, ինձ հավատացել են։ Ինձ հետ երբեք չեն էլ խոսել ցույցի գնալ-չգնալու թեմայով, որովհետև դա բնական բան էր։ Ես էլ երբեք չեմ խաբել մորս, թե որտեղ եմ, ում հետ և ինչ եմ անում, որովհետև բնական բան էր իմ արածը։ Ռոմանտիկ ոչինչ չկար, դա բնական էր։

Կասեք՝ հայերը համախմբվել են, բարիացել։ Ինձ համար հայերը միշտ էլ բարի ու համախմբված են եղել։ Ուղղակի մեծ առիթ չէր եղել դա արտահայտելու, բայց ոչ մի անգամ չի եղել, որ երթուղայինում խնդրեմ պատուհան բացել, ու ինձ մերժեն։ Չի եղել, որ հարց տամ՝ չպատասխանեն։ Գուցե դուք ուղղակի փոքր բաներ չեք սիրում։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ասում եք, թե բա հայերը ժպտերես չեն, գնա ԱՄՆ, տես՝ ոնց են ժպտում։ Հարց տաս, պատասխանեն, բարեհամբույր լինեն։ Ես, ընդհանրապես, շատ է եղել, որ անցորդներին ինչ-որ հարցով դիմեմ, շատ է եղել, որ ինձ են դիմել։ Դեռ ոչ մի անգամ չի եղել մեկին մի հարց տամ՝ փախչի գնա, կամ «չորի»։ Բոլորն էլ ժպտում են։ Վերարկուդ էլ գցում ես, հետևիցդ վազում են, սիրուն բարևում ու ասում, թե բա քոնն էր, գցեցիր։

Գուցե հակառակ դեպքում ավելի ռոմանտիկ կլիներ։

Ընդհանրապես, ինչու էի լռում։ Էս վերջերս շատ եմ լռում։ Զահլաս գնում է խոսեմ, ազնիվ խոսք։ Եթե մի բանում համաձայն չեմ, ոչ թե վիճում եմ, այլ լռում։ Ցույցերից ոչ սթորի արեցի, ոչ էլ ստատուս գրեցի։ Հեսա կմտածեն՝ չեմ մասնակցել, հա։ Լռելով ավելի հեշտ է, որովհետև էս վերջերս շուրջս ամեն ինչ այնքան ռոմանտիկ է ներկայացվում, որ քիչ է մնում դնեմ լացեմ։ Դե, կամ էլ քիչ չի մնում։

Չգիտեմ խառը-մառը էս ինչ գրեցի, ու ինչի չլռեցի էս անգամ, բայց արդեն ջնջելս գալիս է։ Ես լռել եմ սիրում ու գործել։ Որովհետև ամեն ինչ այնքան ռոմանտիկ չէ, ինչքան դուք բոլորդ եք ներկայացնում։ Ցույցներն էլ, մեր հեղափոխությունն էլ։ Մի քիչ իրատես լինել եմ սիրում, ու նկատել, որ ինձ լավ էլ հավատում էին։ Որ Հայաստանս միշտ էլ էսպես էր, որ մեծ բաների կողքին փոքր բաներ էլ կան։ Որ մեկ-մեկ լավը նկատելու համար պետք է իրատես լինես, ոչ թե դրամատիկ։ Իրատես լինելով ես լիքը լավ բաներ եմ նկատում։

Մի խոսքով, եթե դու էլ չես տեսնում Հայաստանն այնպես, ինչպես ես, ուրեմն ինձնից է։ Գուցե ակնոցիցս կամ ոսպնյակներիցս։ Աջը՝ -2,5, ձախը՝ -2,75, եթե՝ ինչ։

Իսկ հիմա կլռեմ։ Զահլա չկա։