Alla Virabyan

Աղբյուրի մոտ

Մի քանի շաբաթ առաջ հեռախոսիս զանգ եկավ: Պատասխանեցի, ուսուցիչս էր․

-Գյուղում ամառային դպրոց է կազմակերպվում, տևելու է երկու շաբաթ, ամեն օր սկսվելու է առավոտյան ժամը իննից: Երեխաների հետ դասեր ենք անելու, խաղեր ենք խաղալու: Կցանկանա՞ս կամավոր ջոկատավար լինել:

Ես առանց երկար-բարակ մտածելու՝ համաձայնեցի, չգիտեմ՝ ինչու, ախր, երեխաների հետ աշխատել չեմ սիրում, բայց զգում էի, որ ինչ-որ բան եմ գտնելու, կամ գուցե ինչ-որ մարդկանց։

Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք եկեղեցում, ստացանք մեր Տեր Աբելի օրհնությունը, և նա իր մեքենայով երեխաներին տարավ աղբյուր, իսկ մենք՝ կամավորներով, որոշեցինք առավոտները քայլել, դե, ոնց էլ չլինի՝ նախավարժանք է, էլի:

Երեխաները բաժանվեցին ջոկատների, ինձ բաժին հասավ միջին խուբը՝ ընդամենը ութ հոգի, որոնցից երեքը տղաներ էին՝ Անդրանիկը, Դերենիկը ու Սամվելիկը: Հպարտությամբ ասում եմ, որ իմ ջոկատը ուրիշ էր: Իսկ տղաները, այ նրանք ամենաուրիշն էին։ Դերենիկին ու Սամվելիկին մեր դպրոցից ճանաչում էի։ Սամվելիկին՝ որպես մի չարաճճի, իսկ Դերենիկին՝ ուղղակի խելացի երեխա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ ճանաչել: Իսկ այ Անդրանիկը կողքի գյուղից էր, չգիտեմ՝ ինչու, մեջս զգացում կար, որ ամբողջ կյանքում ճանաչել եմ իրեն: Շատ արագ կապվեցի այս եռյակի հետ:

-Ընկեր Ալլա, կարա՞նք Ձեզ հետ ման կյալով կյանք: Ամոթ չի՞ մենք տղեքով մաշինով գնանք, Դուք վետով,- ասաց Սամվելիկը։

-Չէ, ամոթ չի, դուք երեխեք եք ու կհոգնեք ճանապարհին,- ասացի ես։

-Մինա կյալ դենք, ընկեր Ալլա։

Անդրանիկը ամեն օր գալիս էր, ուղղակի ձեռքիցս բռնում և քայլում, զրուցում:

Այս երեքը դարձան կյանքիս թանկ մարդկանցից: Նրանք, որոնց ես երբեք չէի ունեցել։

Անսովոր էր, ես ընկերություն էի անում երեխաների հետ: Սկսեցին ամեն առավոտ ինձ հետ քայլելով գնալ աղբյուր, էլ մեքենա չէին նստում: Նույնիսկ ցանկանում էին ինձ տուն ուղեկցել դասի ավարտին:

Հանգստի ժամին ես ու Սամվելը ճոճանակին նստած զրուցում էինք, հետո լռություն տիրեց։

-Ինձ սաղ ասըմ են, որ չար եմ։ Դուք է՞լ եք այդպես մտածըմ, ընկեր Ալլա, բայց ճիշտը կասեք, հա՜, չխաբեք,- հանկարծ ասաց նա։

-Դու շատ լավն ես,- ասացի ես, իսկ նա գլուխը բարձրացրեց, ժպտաց ինձ ու վազեց դասի:

Մի քանի օր հետո լսեցի, որ Սամվելիկի մայրը զարմացել է երեխայի լավ պահվածի վրա և հայտնել ուսուցչիս, նույնիսկ շնորհակալություն հայտնել երեխայի վրա լավ ազդելու համար: Ես երջանիկ էի: Երեխաները դաս էին անում և կամաց-կամաց ընկնում դպրոցական ռեժիմի մեջ, խաղում էին տարբեր խաղեր ու ինձ էլ կանչում միանալու, իսկ ես անմիջապես վեր էի կենում ու սկսում խաղալ:

Սկզբում ինձ թվում էր՝ երկու շաբաթը այնքան շատ է, որ երեխաների հետ չեմ կարող մի ամբողջ օր անցկացնել, բայց հետո օրերը, ժամերը ուղղակի սկսեցին չհերիքել: Օրերս առանց նրանց չէի պատկերացնում: Մոտենում էին վերջին օրերը, մի առավոտ մտքիս ծայրով անցավ չգնալ, որպեսզի ավելի չկապվեմ երեխաների հետ, կամ էլ ուղղակի փախչել, որ հրաժեշտ չտամ այն հարազատ մարդկանց, որոնց գտել էի: Բայց հասկացա, որ վերջին օրը կորցնելը մեծ սխալ կլինի:

Արդեն վերջին օրերին Անդրանիկը, Սամվելիկը և Դերենիկը անընդհատ ծաղիկներ էին նվիրում ինձ՝ լացակումած աչքերով, բայց ցույց չէին տալիս՝ տղաներին հատուկ բնավորությամբ: Ինձ թվում էր՝ այդ ծաղիկները երբեք չեն թառամի: Վերջին օրը շատ կարճ էր: Տունդարձի ժամանակն էր, բայց այս անգամ ոչ վերադառնալու սպասումով:

-Երեխե՜ք, ո՞վ հեռախոս ունի,- ասաց Անդրանիկը։

-Ինչի՞դ ա պետքը։

-Ուզըմ եմ ընկեր Ալլայի համարը վեր ունեմ ու շուտ-շուտ զանգեմ,- ասաց Անդրանիկը, իսկ Սամվելը ու Դերենիկը սկսեցին այս ու այն կողմ նայել՝ հեռախոսի փնտրտուքով:

Ներսումս ինչ-որ բան ցավաց, ես ոչինչ չէի ասում, որովհետև եթե մի հնչյուն անգամ ասեի, արցունքներս կհոսեին:

Նրանք ուշադիր նայում էին ինձ, իսկ ես համառորեն ժպտում էի: Վազելով եկան, գրկեցին։

-Մենք Ձեզ շատ-շատ կկարոտենք, բայց մյուս տարի էլ կհանդիպենք այստեղ, չէ՞։

-Էն մի տարի էլ կգաք, չէ՞, ընկեր Ալլա,- նորից կրկնեցին հարցը:

Ես ուղղակի գլխով համաձայնության նշան տվեցի, հրաժեշտ տվեցինք, և ամեն ինչ ավարտվեց:

Հիմա ամեն օր դպրոցում տեսնում եմ Դերենիկին ու Սամվելիկին, բարևում ու անկեղծ ժպտում, իրական ժպտում, իսկ այ, Անդրանիկին շատ եմ կարոտում, բայց միշտ հիշում եմ, միշտ:

Ես այսօր ունեմ մարդիկ, որոնց մի ամբողջ կյանքն էլ չէր հերիքի ունենալու համար…