Ամանորն առանց ՆՐԱ

Հազարավոր հայ ընտանիքներ Ամանորն անցկացնում են առանց իրենց լույսի։ Ադրբեջանական ագրեսիան  հետ մղելու ընթացքում  հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանը 19 տարեկան էր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը: Ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ։ Թեև ազգությամբ եզդի էր՝ անսահման հետաքրքրված էր Հայոց պատմությունով։ Մամիկոնը նաև հիանալի նկարիչ էր, կարող էր ոգեշնչվել, նույնիսկ, ամենակենցաղային երևույթներից։ Մամիկոն Կասոյանի քույրը՝ Նազիկ Կասոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Մամիկոնն իրենց ընտանիքի միակ տղան էր։ Հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանի քույրը մեզ հետ զրույցում պատմեց.

-Մենք երեք քույր ենք եղել, Մամիկոնիս ծնունդին շատ երկար ենք սպասել։ Երբ ծնվեց, կարծես հրեշտակ լիներ, իր բարուրի կողքից չէինք հեռանում։ Մամիկոնը խելոք էր, համեստ, տարբերվող՝ թե արտաքինով, թե խելացի դատողությամբ։ Շատ հումորով էր, կարողանում էր ցանկացած իրավիճակում վատ տրամադրությունը ցրել, բոլորին ուրախացնել։

-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կպատմեք Մամիկոնի մանկությունից։

-Մի անգամ Մամիկոնի հետ գնացել էինք այգի՝ բալ հավաքելու, խոսում էինք, երգում էինք, կատակում էինք, և հանկարծ նկատեցի, որ խոտերի մեջ մի բան շարժվում է, բղավեցի՝ Մամիկո՜ն, զգույշ, օձը… Իսկ նա ժպտալով ասաց… (հուզվում է):

Ասաց՝ ինչ վախկոտ ես, հետո՞ ինչ, որ ինձնից մեծ ես…

-Իսկ սիրո՞ւմ էր Ամանորը:

-Այո՜, իհարկե, շատ էր սիրում։ Դեկտեմբերն իր ամենասիրելի ամիսն էր, շատ էր սիրում ամանորյա նախատոնական գովազդները։ Ամեն տարի ինքն էր տոնածառը և ամբողջ տունը զարդարում, իսկ այս տարի զարդարող չկա…

-Ինչե՞ր եք պատմելու ձեր երեխային իրենց հերոս  մորեղբոր՝ Մամիկոնի մասին։

-Ես միշտ էլ հպարտացել եմ Մամիկոնով, միշտ էլ նրան հերոս եմ համարել՝ նույնիսկ բանակ չգնացած ժամանակ։ Ընդհանրապես ասում են՝ տղաները իրենց մորեղբորն են նմանվում, ես շատ-շատ եմ ցանկանում, որ իմ տղան էլ Մամիկոնին նմանվի ՝ թեկուզ մասամբ։ Տղայիս միշտ ասում եմ, որ Մամիկոնի նման բարի, ազնիվ, խելացի պիտի լինի…

Մամիկոն Կասոյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին: Վերջին անգամ զրուցել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն բան նորմալ է, իրեն վտանգ չի սպառնում։ Չէր ուզում, որ հարազատներն անհանգստանան…

Մեր հերոսներն անմահ են, հավերժ փառք ու խոնարհում ՆՐԱՆՑ: