նարեկ բաբայան

Ամառային հոբբի

Առավոտյան 8։00։ Պիկ-պիկ-պիկ… Արթնանում եմ, վախենալով, որ դպրոցից կուշանամ։ Անջատում եմ զարթուցիչն ու պատահական տեսնում ամսաթիվը՝ 2/06/2016։ Օ~, այդ արքայական զգացումը, որ կարող եմ շարունակել քնել։ Արդեն արձակուրդ էր. մոռացել էի զարթուցիչն անջատել։

Արթնանում եմ 10:30, իսկ անկողնուցս վեր եմ կենում մոտավորապես 11-ին։ Հետոն արդեն պարզ է՝ լոգարան, նախաճաշ և այլն։ Բայց այստեղ մեջս առաջացած պայմանական ռեֆլեքսին հակասող բան կար։ Նախաճաշից հետո ես սովորականի պես փորձեցի վերցնել պայուսակս ու գնալ դասի։ Ես արդեն սովոր էի, որ եթե առաջ հրվելով վերցնեմ պայուսակս, ապա դրա ծանրությունը կկանգնեցնի ինձ։ Այս անգամ այն տեղում չէր։ Ես, հենվելով առաջ, չբռնվելով պայուսակիցս, քիչ էր մնում ընկնեի աստիճաններից։ Լավ է, որ հասցրի բռնվել վանդակապատից (առաջին անգամ եմ լսում այդ բառը. նոր համակարգչով գտա)։ Դե, դա այն բանն է, որից բռնվելով իջնում են աստիճանները։ Բռնվում եմ այդ վանդակապատից ու 2-3 վայրկյանով տեղում քարանում։
-Աաաա՜,- ճկույթս խփել էի այդ անիծված վանդակա․․․ դե, էն բռնվելու բանին։ Գոռում եմ իմ` նոր հաստացող և լրիվ չձևավորված ամբողջ ձայնով, և հասցնում մինչև հարևանների ականջները. ոչ մի ձայնամեկուսիչ պատուհան ի զորու չէ դիմակայել այդ ցավին։ Մի 10 րոպե մղկտալուց հետո ստանում եմ հեռախոսազանգ.
-Էրիկին վերց, իջի դաշտ:

Էրիկը Ռուսաստանից եկած ընկերս էր։ Դե, իհարկե, ես չէի կարող մերժել այդ գայթակղիչ առաջարկը՝ խաղալ ֆուտբոլ ընկերների հետ։ Ճիշտն ասած, ես այն եզակի տղաներից եմ, ով այդքան էլ չի սիրում ֆուտբոլ խաղալ, բայց դե, տղերքի հետ ուրիշ ա, էլի։ Եթե այդ ֆուտբոլը չլիներ, մեր ամառը մի քիչ իր գույնը կկորցներ։ Առանց ֆուտբոլի դժվար է պատկերացնել մեր առօրյան։ Խաղում ենք ոնց պատահի, ում հետ պատահի, ինչով պատահի և ոնց պատահի. առավոտից երեկո, ամեն օր։ Ֆուտբոլի միակ թերությունը հոգնած տուն գնալն է, ու այդ չարաբաստիկ «դիքը» բարձրանալը. մեր տղերքն ինձ կհասկանան։
Ահա, հասա տուն ու միանգամից գնացի քնելու: Այս անգամ զարթուցիչը կանջատեմ։ Վերջապես կիմանամ՝ վերջում Էմիլին մնա՞ց մեզ մոտ, թե՞ վերադարձավ Երևան։

Հ․Գ․ Սիրում եմ ընկերներիս տեսնել երազումս։