Այսօր մենք ավելի մեծ գործ ունենք անելու

Կոթիի մասին տեղեկությունները շատ քիչ են: Համարվում է հին բնակավայր, բայց ստույգ տեղեկություն, թե երբ է ստեղծվել՝ չկա: Հնագետները բազմիցս ուսումնասիրություններ են կատարել Կոթիում: Մոտ 4 տարի առաջ էլ հնագիտական պեղումներ կատարելու նպատակով Կոթի են եկել շատ հեղինակավոր հնագետներ: Նրանք Կոթիի «Պառնանց դուզ» կոչվող թաղամասում հայտնաբերել են բրոնզեդարյան գործիքներ: Բացի այդ, «Նզարանց թաղ» կոչվող թաղամասում էլ հայտնաբերել են ուրարտական արձան, որը պատկանում է Ք.ա. VIII դարին:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Կարծում եմ, պատկերացնելու համար, թե որքան հին բնակավայր է Կոթին, բավական է իմանալ, որ այստեղ հայտնաբերվել են անգամ բրոնզեդարյան ժամանակաշրջանին պատկանող իրեր: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ բրոնզե դար է կոչվել Ք.ա. IV-III հազարամյակն ընկած ժամանակաշրջանը, ապա կարող ենք համոզված լինել, որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կոթի համայնքն ունի ավելի քան 5 հազարամյա պատմություն:
Կոթին երկար ժամանակ եղել է Վրաստանի կազմում: 1045թ. Անիի թագավորության կործանումից հետո Լոռվա տարածքը միացել է Վրաստանին: 1801թ. Կոթին Վրաստանի հետ միացել է Ռուսաստանին: Թուրք-սելջուկների հարձակումից հետո Դավիթ Շինարարը ազատագրեց Լոռին: Մոտավորապես 1113թ.-ից հետո այն կրկին Վրաստանի կազմում էր: Հայերը սկսել են գաղթել դեպի Վրաստան: Գաղթն այնքան է շատացել, որ հետզհետե Թիֆլիսում (Տփղիս) և Գորիում հայերի թիվը գերազանցել է վրացիների թվին:
Ցարական արխիվից օգտվելով պատմաբան Լեոն գրել է, որ 1801թ. Վրաստանում եղել է 9750 ծուխ հայ ընտանիք և ընդամենը 700 ծուխ վրացի: Շատ կոթեցիներ ևս հնում ապրել են Վրաստանում: Ցարական կառավարության տվյալներով 1817թ. Կոթիում եղել է 41 տուն, 262 բնակիչ՝ 132 տղամարդ, 130 կին:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Հետագայում՝ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո թուրքական և պարսկական խաները սկսել են ավելի շատ հալածել հայերին, հատկապես՝ Ղարաբաղի շրջանում: Որտեղից էլ հայերը սկսել են գաղթել և հաստատվել նաև Կոթիում և հարակից տարածքներում: Դրա հետևանքով կարճ ժամանակում աճեց նաև Կոթիի բնակչության թիվը: 1850-ական թվականներին այստեղ կար մոտ 700 բնակիչ: Այդ ժամանակաշրջանում Կոթին բնակչության թվի մեծությամբ տարածաշրջանում եղել է երկրորդը՝ Բերդավանից (Ղալաչա) հետո:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Ինչ վերաբերում է համայնքի Կոթի անվանը՝ կա 2 վարկած: Ըստ առաջին վարկածի այն եղել է տարածաշրջանի ծայրամասում գտնվող գյուղը՝ Լոռվա թագավորության կազմում,  որի շնորհիվ էլ կոչվել է Կոթի: 2-րդ վարկածի համաձայն, հին ժամանակներում կոթեցիներն ապրում էին գետնափոր տներում, իսկ ծխնելույզի փոխարեն տան կտուրին փայտե կոթ էին դնում: Այդպես էլ գյուղը կոչել են «Կոթերի գեղ՝ Կոթի գեղ»: 1964թ. փոխվեց գյուղի անունը: Կոթին դարձավ Շավարշավան, ի պատիվ Հայաստանի հեղկոմի անդամ, անվտանգության կոմիտեի նախագահ Շավարշ Ամիրխանյանի: 1991թ. գյուղապետ Սևակ Մանթաշյանի նախաձեռնությամբ, դիմում ներկայացվեց Ազգային ժողովին: Նպատակը՝ գյուղի նախկին անունը վերականգնելն էր: 1991թ.-ից ի վեր գյուղը հայտնի է Կոթի անվամբ:
Անհնար է պատկերացնել համայնք՝ առանց կրթական գործի, առանց դպրոցի:  Գյուղի միջնակարգ դպրոցը բացվել է 1893թ.: Երկար տարիներ դպրոցում դասավանդել է նաև Հովսեփ Աբովյանցը, ով ժողովրդի կողմից արժանացել է «վարժապետ» կոչմանը: Նա մեծ դեր է խաղացել նաև Կոթիի հողերի պաշտպանության ժամանակ: Կառուցել է աղբյուրներ ու հուշարձաններ: 1912թ. Աբովյանցը ժողովրդին ասել է, թե Կարմիր օրենք է ընդունվելու, սովետական իշխանություն է գալու, բայց դա երկար չի տևելու: Եվ ահա 1991թ. «վարժապետի» կանխատեսումն իրականություն դարձավ: Փլուզվեց սովետական իշխանությունը:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Կոթիի մասին որոշակի տեղեկություններ է հաղորդել նաև ղարաբաղցի նշանավոր պատմաբան, քահանա Մակար Բարխուդարյանը, ով 1895թ. եղել է Կոթիում: Նա վկայել է, որ Կոթին Տավուշի մարզում առաջինն է վարելահողերի քանակով՝ մոտ 2000 հա:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Ո՞վ չգիտի, որ հողն արյունով են պահում: Կոթիի հողերն էլ պահվել են մեր նախնիների արյունով: 1920թ. Կոթիի վրա հերթական անգամ հարձակում գործեցին թուրքերը: Գյուղը պաշտպանության անցավ: Կռիվը շարունակվեց 18 օր: Սակայն ժողովուրդը չհանձնվեց, դիմադրեց մոտ 10000-անոց թուրքական բանակին: Շուրջ 1000 զինվոր մարտի նետվեցին` պատրաստ լինելով հանուն գյուղի ու հայրենիքի զոհել անգամ ամենաթանկը՝ կյանքը: Գյուղում կար 2 «Մաքսիմ» գնդացիր: Գնդացիրներից մեկը բերել էր հայտնի ներկարար  Համբարձում Բեջանյանը (Զոկ), մյուսը՝ Կես թագավորը: Այս մարտերում էլ կոթեցի մի շարք հերոսներ անմահացան: Համբո և Վանիչկա Սարատիկյաններն ու բազում այլ հայորդիներ զոհվեցին անհավասար մարտերում:
Իսկ այսօր մենք էլ ավելի մեծ գործ ունենք անելու` պատվով ապրել այն հողի վրա, որ մեր պապերի արյունով է պահվել: Ապրել ու արարել այն հողի վրա, որտեղ այժմ էլ կյանքը շարունակվում է մեր սահմանապահ հայրերի ու եղբայրների անցկացրած անքուն գիշերների շնորհիվ:

Հ. Գ. ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել պատմաբան Սևակ Մանթաշյանին, ով ինձ պատմեց այս ամենը: