Ամառը Ստեփանավանում

Լուսանկարը՝ Կարապետ Ավետյանի

Լուսանկարը՝ Կարապետ Ավետյանի

Ամա՜ռ։ Որքան գույներ և որքան կյանք կա այս մի բառի մեջ։ Տարվա այս եղանակին Հայաստանի տարբեր վայրերում տարբեր ձև է լինում ամառը։ Օրինակ, ամռանը Երևանում շատ շոգ է լինում։ Ճիշտ է, Երևանը մեր մայրաքաղաքն է, այստեղ կան բազմաթիվ ժամանցային վայրեր և այստեղ է կենտրոնացած ՀՀ բնակչության մեծ մասը, բայց չէ որ հենց այդ  բնակչության մի մասն է, որ ամառը ցանկանում է անցկացնել գեղատեսիլ Ստեփանավանում։

Ինչպես հասկացաք, ամռանը Ստեփանավանում շատ են լինում հովեկները, ովքեր շոգից և տապից ուժասպառ ցանկանում են իրենց  հանգիստն անցկացնել Ստեփանավանի զով գրկում։ Ամառը իմ քաղաքում շատ զով է (համեմատած այլ տեղերի), օդը շատ մաքուր է, հանգիստ է. ահա այն բոլոր լավ կողմերը, որոնց ձգտում են մարդիկ Հայաստանի և, ինչու չէ, նաև արտասահմանի տարբեր մասերից։ Այս երևույթից զերծ չի մնում և մեր ընտանիքը։ Ամբողջ ամառ մեր տունը անպակաս է լինում հյուրերով, որոնց շնորհիվ շատ հետաքրքիր է անցնում ժամանակը։

Չափազանց մեծ է  մարդկանց հոսքը մայիս  ամսվա վերջին և հունիս ամսվա սկզբին, երբ սկսվում է եղևնիների փոշոտումը։ Փոշոտման ժամանակ եղևնիներից դեղնավուն ծաղկափոշի է թափվում, որը շատ օգտակար է մարդու առողջությանը։ Այս երևույթին մասնակցելու համար մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր են կտրում անցնում։ Այս հարցում մեր բախտը բերել է։ Մեր տունը շատ մոտ է գտնվում անտառին, իսկ փոշին տարածվում է 25կմ շառավղով, այնպես որ, կարիք չի զգացվում հասնել անտառ։ Մի բան պատմեմ սրա հետ  կապված։ Մի տարի փոշոտման ժամանակ մի այնպիսի քամի բարձրացավ, որ ողջ անտառը և հեռվում գտնվող սարերը ամբողջովին  փոշու մեջ էին, կարծես դեղին ամպեր լինեին իջած սարերի փեշերին։

Մինչդեռ  հուլիսի  տապից ազատվելու միակ միջոցը մարդիկ գտնում են Ձորագետում։ Հուլիսյան բարկ օրերին գետում կհանդիպես բազմաթիվ մարդկանց։ Ձորագետն էլ մեր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկն է , որի պաղ ջրերում են իրենց փրկությունը գտնում հազարավոր մարդիկ շոգից ազատվելու համար։ Դե, իսկ արդեն օգոստոսին մարդիկ ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել ծովում կամ Սևանա լճում։

Մի խոսքով, շոգ եղանակից ազատվելու համար ձեր ամառային հանգստի մեջ ավելացրեք մի քիչ ցանկություն, մեկ հատ փոխադրամիջոց և ամենակարևորը, Ստեփանավանի զով եղանակից: