Մեր մանկության «Կլասը»

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Երբ փոքր էինք, մեր ամենասիրած խաղերից մեկը «Կլասն» էր: Մենք ջանք չէինք խնայում այն գծելու համար: Ավելի շուտ նկարում էինք, քան գծում, չմտածելով, որ վաղ թե ուշ անձրև է գալու, և մենք ստիպված ենք լինելու նորը գծել: Բայց մենք դրա համար էլ էինք հնար գտել, որ անձրևից հետո մեր «Կլասը» չջնջվի: Դրա համար գծելուց հետո մի քանի անգամ էլ էինք կավիճը անցկացնում «Կլասի» վրայով և իրար խրախուսում.

-Լավ արեք, որ ավելի մուգ լինի:

Իսկ երբ անձրև էր գալիս, կտրվելուն պես կավիճները ձեռքներիս վազում էինք դուրս` մեր «Կլասին» նոր կյանք տալու, և շատ էինք տխրում, եթե այն ամբողջովին ջնջված էր լինում:

Քիչ չէին կռիվները «գծի» և «ջուրխմիկի» համար: Երկար կռիվներից հետո մենք դիմում էինք տարիքով ավելի մեծերի օգնությանը, որոնք մեր կարծիքով, ավելի փորձառու էին: Դե իհարկե, մենք էլ ունեինք մեր «բախտավոր քարերն» ու «նավսելու խոսքերը», որոնք մեր երևակայության արդյունքն էին: Այսօր տարիքով մեծ և փորձառուն, երեխաների կարծիքով, մենք ենք, ու շատ փոքրեր մեզ են դիմում կանոնները ճշտելու համար:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Վերջերս, երբ ընկերուհիներով դուրս էինք իջել, տեսանք, թե մեր շենքի երեխաներից երկուսը` Մանուելան և Վահեն, ինչպես են «կլաս» խաղում: Մոտենալուն պես սկսվեց մեր ուրախությունը, երբ հայացք ձգեցինք նրանց գծած «կլասին»: Դա ուղղակի տեսնել էր պետք: Այն միաժամանակ և «կլաս» էր, և «կլաս» չէր: Բոլոր վանդակներն անհավասար էին` մեկը քառակուսի էր, մեկը` ուղղանկյուն, մյուսը` հնգանկյուն: Թվերը բոլորը խառն էին գրված. մեկին հաջորդում էր 2-ը, և էլի` 2, մյուսը ինչ-որ անհասկանալի տեսք ունեցող թիվ էր, 9-ը թարս էր գրված, իսկ «Դոմա»-ի փոխարեն գրված էր «2441»: Նրանց կլասի քարերը կլոր էին, իսկ կլասը գծված էր թեք հարթության վրա, և երբ նրանք իրենց քարը գցում էին այն գլորվում էր` որևէ թվի վրա մնալու փոխարեն:

Նրանց ընդհանրապես չէր էլ հետաքրքրում, որ խաղում կանոններ կան: Նրանք 3 հնարավորություն ունեին «Դոմա»-ից տուն ձեռք բերելու համար: Որտեղ ցանկանում էին, այնտեղ էլ կանգնում էին քարը գցելիս:

Մանուելան պատրաստվել էր, որ պետք է գցեր 3-ը, բայց պատահմամբ գցեց 9-ը, և ահա, թե ինչ շարունակություն հետևեց խաղին.

-Վայ, բայց լես լելեքը պիտի քցեի,- տխրելով ասաց Մանուն (նրան կարճ այսպես են անվանում):

-Հա, Մանու, բայց գիծ չի, խաղա,- առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, ասաց Վահեն:

-Հա, հիմա լես 9-ը կխաղամ, հետո 10-ը ու կհասնեմ «Դոմա», ցէ՞ Անի,- դիմելով քրոջս ուրախությամբ բացականչեց Մանուն` մոռանալով, որ ինքը 3-ը պետք է խաղար:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Իսկ Մանուի համար «Դոմա» հասելը ամենամեծ ուրախությունն էր: Նա բոլորին շտապում էր տեղեկացնել այդ լավ նորության մասին. «Գիտե՞ս, հասել եմ «Դոմա»:

Նրանք երկուսն էլ դպրոց չեն հաճախում, և նրանց համար մեկ էր` թվերը ճիշտ գրված կլինեն, թե սխալ, արդյո՞ք խաղը կանոններ ունի, կամ էլ, որ կլոր քարով իրենց ուզած թիվը չեն կարող գցել: Այ սա է կոչվում անհոգ մանկություն, երբ քեզ անգամ չի հետաքրքրում դու թվերը ճիշտ գրել գիտես, թե ոչ, ու, շատ մեծ ուրախություն է պարզապես այն, որ դու հասել ես «Դոմա»: