Susanna Grigoryan

Ամառը վերջացավ

Նկատեցի՞ք՝ ամառը էլի վերջացավ։ Բոլոր ամառները աննկատ վերջանալու սովորություն ունեն։ Իհարկե, գարունն ու աշունն էլ են վերջանում, բայց դանդաղ, կամաց-կամաց, որ հասցնես համակերպվել։

Բրազիլական սերիալներում հերոսուհիները մի առավոտ արթնանում են ու հասկանում, որ ավելիին են արժանի, թողնում են ընտանիքը ու գնում շատ-շատ հեռու՝ նոր կյանքի հետևից։ Ամառն էլ բրազիլական սերիալների հերոսուհիներից է։ Մի առավոտ թողնում-գնում է՝ իր հետ տանելով տան եղած-չեղածը՝ այդ թվում մեր բոլոր չիրականացած պլանները։ Ընդ որում, եթե աշնանային պլանները բավարարվում են «Էս տարի լավ կսովորեմ»-ով, ապա ամառային պլանները շատ ավելի հավակնոտ են լինում։

Հաջողված ամառը չափելու շատ տարբերակներ կան։ Եթե ամառը չափենք կարդացած գրքերով ու նայած ֆիլմերով, ապա իմ ամառը միջին վիճակագրական էր,  բայց այ, կորցրած հնարավորությունները միջինից շատ էին։

Այս ամառվա ընթացքում համահայկական խաղերի կամավոր էի։ Ավելի քան երկու շաբաթ՝ 20 ամառային օր՝ կարդացած 2  անհետաքրքիր կամ 4 հետաքրքիր գիրք։ Խաղերի մասին խոսելիս լրատվամիջոցները անպայման նշում են մասնակիցների ու կամավորների թիվը, պատմում են նրանց համատեղ աշխատանքի ու ընկերության մասին։ Մեծամասամբ հենց այդպես է որ կա, բայց մենք մեր պատվիրակության հետ չընկերացանք։ Իրար նվերներ տվեցինք, շնորհակալություն հայտնեցինք բայց չընկերացանք։ Իհարկե, վերջում տխրեցինք, երևի որովհետև միշտ տխուր է, երբ ինչ-որ բան վերջանում է, կամ էլ ուրիշների տրամադրությունից էինք ազդվել, չգիտեմ։ Խոստացանք հաջորդ խաղերին հանդիպել, բայց դե բոլորս էլ հասկանում էինք, որ էլ իրար երբեք չենք տեսնելու։ Այսպիսով, +1 կորցրած հնարավորություն ու -4 հետաքրքիր գիրք։

Վերջում կարելի էր բոլորին խորհուրդ տալ ճիշտ օգտագործել ամառային բոլոր 92 օրերը, բայց ես ամենալավ խորհուրդ տվողը չեմ, ինքներդ որոշեք։ Իսկ մինչ այդ ամառը վերջին անգամ նայում է հետ, բրազիլական սերիալի գեղեցկուհու նման թափահարում է մազերը ու փակում է դուռը։