Արդեն երկու ամիս է, ինչ հեռուստացույցը լռում էր։ Նա եկող-գնացողներին ասում էր, որ փչացել է․ դե ով չգիտի՝ հիմիկվա տեխնիկան էլ առաջվանը չէ, բայց հարևանները իրար մեջ փսփսում էին, որ ծերունին հերթական լուրերի թողարկումից հետո ինքն է իր ձեռքով փշուր-փշուր արել չարագույժ հեռուստացույցը։
Որդին ամեն անգամ այցելելիս նոր հեռուստացույցի մասին խոսք էր բացում, մինչև հասկացավ՝ հայրը խոսող մարդուկներին պատերազմի լուրը չի ներել ու ներել չի պատրաստվում։
Աշունը շատ էր երկարել, գարունն էլ գալ չէր ուզում։ Մոխրագույն շենքի պատերը մեկը կարծես շուտվանից ջնջել էր, ձյունն ու անձրևը գալիս նստում էին ծերունու ուսերին։ Օր ու գիշեր իր չորս պատի մեջ աջ ու ձախ էր անում՝ բոլոր կողմերից ուսումնասիրելով օդում կախված հարցը․ էս ո՞նց էսպես եղավ։ Խունացած պատերը պատասխան չունեին։
Մեկ-մեկ տնից դուրս էր գալիս, ծաղիկներ էր դնում զոհվածների շիրիմներին, ու խնկի բույրից աչքերը լցվում էին։ Հիշում էր արդեն վաղուց անցած էն ժամանակները, երբ դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում։ Հայաստանի Հանրապետությունը ծերացող պետություն է․․․
Խանութներում հացը, սուրճը թանկացել են։ Որդու տված գումարը էլ չի հերիքում, բայց ավել խնդրել էլ չի կարող։ Մեծ թոռը նոր է համալսարան ընդունվել, բիզնեսի բաժնում է սովորելու։ Փոքր թոռն էլ ռոբոտաշինությամբ է զբաղվում, անցած անգամ ականջին թաքուն փսփսաց, որ նոր հեռուստացույց է հայտնագործելու, որ միայն լավ լուրեր հայտնի։ Ինքը մտածում է, որ դժվար էդքան երկար ապրի, ու անկեղծ ասած, ոչ էլ ցանկանում է։ Բայց թոռան միտքը լավն է։ Երիտասարդները առաջ են շարժվում։ Մեղադրել չի կարող, ինքն էլ էդպես կուզեր, ուղղակի 20 տարի առաջ, երբ դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում ու ամեն անգամ ջանասիրաբար պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը ծերացող պետություն է, այդ նախադասության ծանրությունը սրտին էսպես չէր զգում։
Որդու հետ խոսակցության թեմաները վերջացել են։ Սուրճը միշտ տան եղած ամենափոքր բաժակներով է դնում, բայց էլի չի վերջանում։
- էհ, պապ ջան, Աստված երբեք չի ուշանում:
Նրան թվում էր, որ Աստված մեկ-մեկ ուղղակի չի գալիս։