mariam tonoyan

Ամառն ավարտվում է, բայց դեռ չեմ հանգստացել

Գրիչս լռում է արդեն երկար ժամանակ, լռում՝ չցանկանալով մատնել ճեպընթացի արագությամբ առաջ շարժվող կյանքս: Երբ ակամա բացում եմ գրասեղանիս անկյունում դրված նոթատետրս, որի էջերն արդեն կարոտել են թանաքի բույրին, մտովի հասնում եմ այն հեռավոր ժամանակահատվածին, երբ հասցնում էի նկարազարդել ու կյանքիցս որոշ դրվագներ թողնել այդ փոքրիկ տետրակի գծավոր էջերում: Գրիչս իմ ձեռքում համառորեն լռում է արդեն բազում անգամներ, երբ ցանկանում եմ գրել վերելքներիս ու վայրէջքներիս, ձեռքբերումներիս ու կորուստներիս, մարդկանց՝ ընկերներիս ու անծանոթների մասին:

Ամառս ծանրաբեռնված է, հոգնեցուցիչ, զբաղված եմ լինում ամբողջ օրվա ընթացքում, բայց օրվա վերջում միշտ մի ներքին համոզմամբ ինձ մեղադրում եմ, որ ոչինչ չարեցի: Ընկերներիս հետ լինում եմ գրեթե ամեն օր, բայց սոսկալի միայնակություն եմ զգում ու միշտ ձգտում դուրս: Ոչ թե այն դուրսը, որը միշտ տեսել եմ պատուհանիցս, այլ բնություն, անշշուկ ու լուռ մի վայր, որտեղ ոչ հեռախոսն է հասանելի, ոչ մարդկային ձայները, ոչ էլ մտքերը: Ծրագրեր, ճամբարներ, դասընթացներ, զվարճանքներ… Eրբևէ կմտածեի՞ արդյոք, որ այդ բոլորը ձանձրալի են դառնալու, իսկ գիրքը ձեռքս առնելուն պես հորանջելու եմ ու մի կողմ դնելու, չնայած այնքան փափագում եմ սերտել տողերի ողջ պարունակությունը: Կյանքս եռում է լիությունից, բայց ինձ կարծես մի բան պակասում է, մի կարևոր բան, որ երբեք աչքաթող չէի արել, իսկ հիմա տեղն էլ չգիտեմ… Գուցե պատասխանատվությո՞ւն: Չէ՞ որ ամառն իր վերջին է հասնում, բայց դպրոցի մասին դեռ նույնիսկ մտքիս ծայրով էլ չեմ անցկացրել:

Այժմ էլ, երբ ուզում եմ ճմլված այս տողերից ակնարկ քանդակել, բառերս հաջորդաբար շարել, աչքերիս առջև տառերը կարծես ընկնում են վար՝ մեկն այս կողմ, մյուսն՝ այն: Զգում եմ, որ փիլիսոփայել եմ, բայց միաժամանակ պատմել եմ ակտիվ երիտասարդներից շատերի (գուցե նաև քո) առօրյայի մի մասի մասին, զգում եմ, որ դու էլ հոգնածություն զգացիր գրածս կարդալով, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ տողերս քեզ փոխանցել, որ չծուլանամ, որ վերջապես համոզեմ անուժ մատներիս դարձյալ գրիչը վերցնել, իսկ գրքերի մեջ ոչ թե հորիզոնական տողեր ու բառեր տեսնել, այլ մի պատմություն՝ ֆիլմի նմանվող: Գուցե սա՞ օգնի: