Gohar Petrosyan

Ամառս ցրտեց, հա՛յր իմ

Աշունը չեկած՝ ամառս ցրտեց։

Կանաչ տերևները նույնպես պոկվում են ճյուղից ու ցած ընկնում, թեկուզ անպատճառ, ինչպես հավերժ չլինելդ։ Ի՞նչ քամի տարավ քեզ, այն էլ՝ օգոստոս ամսին։ Քսան տարվա ապրածս ամառներին երբեք նման քամու չէի հանդիպել։ Դու էլ չէիր սպասում։ Անգամ հասկացել էի ներսիդ վախը. վախենում էիր ավարտին չհասցնել հիսունհինգերորդ ամառդ։ Շտապում էիր ամեն հարցում, ամեն բան ցանկանում էիր ավարտին հասցնել։ Ինչո՞ւ, զգո՞ւմ էիր, որ ինչ-որ քամի շրջում է սենյակումդ։ Է՜խ, գրողի տարած քամին արդեն ներսումս է, հոգիս տակնուվրա է արել և դեռ շրջում է։ Գիտես, չի էլ լքելու ներսս, ինչպես քեզ հետ կապված ամեն հուշ, միտք, տեսարան, նույնիսկ մահվանդ մի քանի րոպեների տանջանքները։ Աչքերս ասես քարացել են այդ րոպեների վրա, և շրջանակի պես անպակաս են աչքերիցս։ Այն հավերժ է, ինչպես ներսիս չեղածը։

Սո՛ւտ է, թե բժիշկները կյանքեր են փրկում. նրանք նաև խլո՛ւմ են: Հիմա ինչպե՞ս հետ վերադարձնեմ հոգիդ, հա՛յր: Ինչո՞ւ ինչ-որ ոչնչություն, որը կրում է սպիտակ խալաթ, չի մոռանում գումարների ու հաշվարկների մասին և իրեն աստված է զգում, պիտի զրկեր քեզ կյանքից: Ես քո ցավը լա՜վ գիտեի, ավելի լավ, քան «քառասուն տարվա փորձ ունեցող» այդ ոչնչությունը: Պարզապես չհասցրի, կարողացա զսպել ինձ ու համբերել: Ո՛չ միշտ է պետք համբերել, իսկ ես չափից շատ էի համբերատար:

Անկեղծ ասած՝ ցանկանում էի քո մասին գրել։ Չհասցրի… Ցավոք գրում եմ առաջին ու վերջին անգամ, գրում եմ նամակ, որը կկարդան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, իսկ դու չես կարդալու, բայց գրում եմ, որ հանգստանա ներսիս քամին։ Կներես, թե հերթական անգամ ևս մի մեծ բան չհասցրի…

Իմ նամակը չի լինի շատ էջերից, բազմատեսակ բառերից ու տողերից կազմված։ Իմ նամակը թողնում եմ անավարտ ու չասված մտքերով, ինչպես կյանքդ էր։ Ես կսպասեմ այն օրվան, երբ կհանդիպենք ու քեզ մի լա՜վ կգրկեմ, ինչպես չեմ գրկել երբևէ, չնայած… գրկել եմ հազվադեպ, չեմ էլ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրել ու կարևորել բոլորից էլ ավել: Ես պարզապես չգիտեմ զգացմունքներս արտահայտել: Կներես…

Աշունս եկավ, չի՜ գնալու, հա՛յր իմ։ Ինձ տարվա չորս եղանակներից մնացին աշունն ու ձմեռը։ Ինչո՞ւ է այսպես։ Ինչո՞ւ է կանաչ տերևը պոկվում և ընկնում, ախր այնքա՜ն կյանք ուներ։
Ես դեռ չեմ հավատում, որ կանաչ տերևս այլևս ճյուղին չէ։ Օգնիր ինձ մոռանալ այս ամռան մասին։ Ես կմոռանամ և այս նամակի մասին, որը դու այդպես էլ չես կարդալու։ Ես կմոռանամ և ինձ։ Պարզապես օգնիր ինձ մոռանալ այս ցուրտ ամառվա մասին։ Եվ ներիր, որ այս անգամ էլ չհասցրի…

Դո՛ւ, հենց դո՛ւ, որ կարդում ես հորս ուղղված նամակս, գնա ու գրկիր հորդ, ասա, թե որքա՜ն շատ ես սիրում նրան: Ես չհասցրի և հիմա էլ դա անել չեմ կարող: Ցավոտ է… այն էլ շատ… Գրկի՛ր հորդ: