hayk qalantaryan

Երկրի ափի մեջ. Ճամփորդական օրագիր, մաս 3

Գնացքի արագությունից մոտ 6 անգամ բացվել-փակվելուց հետո՝ աչքերս վերջապես ի վիճակի եղան նայել հեռախոսին ու զգալ քարտեզի վրա իմ գտնվելու վայրը ցույց տվող նշանի և Ստոկհոլմ քաղաքի միևնույն տեղադրությունը: Շատ հոգնած էի մինչև վերջ ժպտալու համար, ուստի նորից փակեցի աչքերս, ամուր գրկեցի էն փոքր գիրքը, որը Մալմոյում գտնվող թանգարանից էի վերցրել, ու որը պատմում էր մի անհայտ նկարչուհու սիրուն գործերի մասին: Վայրկյաններն էի հաշվում՝ երբ են ձեռքերս մեկնվելու վերև, որ մի արագ շարժումով ճամփորդական պայուսակիս էս լուրը հայտնեմ:

CAA8F4B0-964D-44D0-823C-E92E6579629F

Շատ աղոտ են հիշողություններն առաջին օրվանից (ավելի ճիշտ՝ գիշերվանից, քանի որ երեկոյան 9-ին էինք տեղ հասել): Միայն երկու բան եմ լավ հիշում. «7-Eleven» խանութ կար ամբողջ քաղաքում, ու ես առաջին անգամ զգացի, որ էդ երկու թվերը հանգավորված են, իսկ երկրորդը հիշողություն է էն մասին, թե ոնց էի ես հորաքրոջս տղային տեսնելուց հետո էդ նույն խանութում նստած վայելում ինչ-որ համով բան: Հա, համով բան, էդ ճամփեքից հետո տեսողական զգայարաններդ քեզ սկսում են դավաճանել:

Առավոտյան լվացվող երեսիս մի ժպիտ էր կպել ու ոչ մի ձև չէի կարողանում դրա «դիմացն առնել»: Հետո հիշեցի, որ էդ ժպտացող աչքերը նույն երեկվա ժպտացող աչքերն են ու էդ պահին վախեցա նույնիսկ ջուր շփել աչքերիս մոտակայքում: Հիմարն էի. վախեցա, որ կմաքրվի:

Վերջապես դուրս եկանք փողոց: Մտքիս երկու բան էր մենակ. խմել ամենաթունդ սուրճն ու պատրաստ լինել ամբողջ օրվան: Դե, բնականաբար, էդ սուրճը գտնվեց «7-Eleven»-ում: Ավելի շատ էդ սուրճով ձեռքերս տաքացրի, քան վայելելով ըմպեցի, որ Սկանդինավների քամիներից միամիտ տավուշեցիս չքարանա: Ինչևէ, իմ ոտքերը վերջապես դիպան էն կարճ կամուրջին, որը դռներն էր բացում հին քաղաքի առջև:

IMG_2351

Մի պահ մտածեցի, որ ես լարված չեմ ու էս անգամ ժամերով չեմ նայելու շենքեր- շինություններին, բայց դե խաբելուն էլ չափ ու սահման կար: Ուղղակի ընդունեցի, որ չեմ էլ մտածել էդպիսի բան ու լարված քայլերով սկսեցի ստոկհոլմյան իրականության չափաբաժին ընդունել:

Ֆանտաստիկ մարդկային էին քաղաքի կառույցները, էդ կղզիների վրա էնքան չտեսնված ու չհասկացվող մշակույթ կար, որ էդ քաղաքի ամենածեր ծառն էլ պետք է մի երկու այդքան ապրեր, որ բոլոր հավանական քամիների հետ մի հուշում ուղարկեր ճամփորդողին, իսկ ճամփորդողը մի քանի անգամ էդ ծառից վայր ընկնող կանաչը պետք է տեսներ, որ մի զգայարան ավել ունենար ու կլաներ էդ ամբողջ մշակույթը:

IMG_2543

Քաղաքի ամբողջականությունը մտքերով վայելելու համար քեզ մենակ կարող են օգնել «Սքորփիոնս»-ն ու քաղաքապետարանի այգուց բացվող տեսարանը, որի քարացնող տեսիլքների հետ մեկ մեծանում ես, մեկ հանկարծակի ինչ-որ գաղփարազուրկ էության կրող ես զգում քեզ, հետո մի կերպ սթափվում, որ քեզ թափ տաս, բայց էդ մանրացված էությանդ մեջ ինքնադրսևորման բոլոր ունակություններից զուրկ ես՝ ենթակա էդ սովորական ափաջրերի ու կյանք տեսած քարերի հրամաններին:

Էս աննկարագրելի չինքնարդրսևորման մեջ էլ էր Ստոկհոլմը ճամփորդական արկածներ պատրաստել ինձ համար:

Հաջորդ օրը Նոբելյան թանգարանի տոմսերը արդեն ձեռքիս էին: Էլի լարված էի, չգիտեի՝ եկել եմ մրցանակակակիր գրողների համար, տնտեսագետների, թե առհասարակ, բոլորի համար:

IMG_2064

Թե եկել էի, որ մի քիչ էլ հասունանամ: Բայց երբ ձեռքս ընկավ Լյութեր Քինգի ելույթի տողերը, վերջնականապես հասկացա՝ ես հասունացողը չեմ, ինձ էն մնացած տարբերակներն են էստեղ բերել: Գրքույկը կարդալիս նկատեցի, որ անգիր եմ արտասանում էդ տողերը: Զարմանքս ինձ մի քիչ հիշողություն նվիրեց. իմ սիրելի անգլերենի դասախոսն էր հանձնարարել ինձ սովորել էդ երկար տեքստը, ու ես էլ գժի պես սովորել էի: Գիտեի, որ շուտով պետք կգա, երևի, կամ էլ ուղղակի պատահականությանը խորհրդավորություն հաղորդելու համար եմ էդպես ասում:

IMG_2073

Երեկոյան երկար սպասված այցս էր հորաքրոջս տղայի ընտանիքին: Երևի թե մի ամիս օտարության մեջ լինելուց հետո հազիվ մի անկյուն էի գտել, որտեղ 2 համով ճժեր կային իմ այցից ուրախացած, ինձ համար համով ու տեսակ-տեսակ ուտելիքներ կային պատրաստած ու մի տուն ու մարդիկ, որտեղ ու որոնց հետ ես մի քիչ Տավուշն էի զգում, մի քիչ Երևանը, բայց էդ մի քանի ժամ տևող հանդիպման մեջ անընդհատ մտքիս էն հրաժեշտի պահն էր նորից, որից հետո մնում եմ ես, մտքերս, ուսապարկս ու ուսապարկիս մեջ էն փոքր գրքույքը՝ գեղեցիկ կտավներ հեղինակած կնոջ մասին պատմող:

3A01E371-6FA3-4BA4-B579-D01CBF711D80

Հետո մեքենայով քաղաքի բոլոր թաքնված տեղերը գնացինք՝ ամեն անգամ մի նոր Ստոկհոլմ բացահայտելով, ամեն անգամ նորովի Ստոկհոլմի չափաբաժին ընդունելով ու ամեն անգամ անզոր զգալով, որ էն ծառերից եկող պատմությունները դեռևս ինձ հասու չեն: