Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում: