Ամենասովորականը՝ հրաշք

 Ասում ես, թե կյանքում հրաշքներ չեն լինում, չես հավատում հրաշքներին: Իսկ ես, անկեղծ ասեմ, չեմ հասկանում, չեմ հավատում քեզ նման մարդկանց: Հրաշքներ լինում են, նրանք կան: Չէ, շատերի պես չեմ ասելու, թե պիտի հավատաս, որ տեսնես հրաշքը: Հավատաս, թե ոչ, մեկ է, հրաշքներ լինելու են, ուղղակի դու սովորել ես լուրջ չվերաբերվել դրանց: Ասել՝ մանրուք է…

Մանրուք է այն, ինչի մասին մեկ ուրիշը կարող էր երազել: Ու փիլիսոփայելու կարիք էլ չկա, ուղղակի շուրջդ նայիր ու կտեսնես, կհամոզվես, որ քեզ համար ամենասովորականը հրաշք է մեկ ուրիշի, իմ ու նրա համար:

Վերև նայիր, տեսնո՞ւմ ես արևը, գիտե՞ս, որ նա էլ այդ հրաշքի, կյանք կոչված հրաշքի մի մասն է, իսկ քեզ համար այն ուղղակի լույսի աղբյուր էր, չէ՞, կամ ասենք, ցրտից տաքանալու միջոց: Հետո, հետո այդ արևն ամեն օր փայլում է, իսկ հրաշքը մեկ անգամ է լինում: Իրո՞ք, այդպե՞ս ես կարծում….

Ես՝ չէ:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ես հիշում եմ, որ շատ վաղուց, դեռ երեխա ժամանակից չեմ հավատացել Ձմեռ պապին, բայց մեկ է՝ ամբողջ հոգով հավատացել եմ Ամանորյա հրաշքին, ու թող Ձմեռ պապն իր հետ չբերի, թող նա գա հանկարծ, զգույշ թակի դուռս ու ներս մտնի: Թող այդ հրաշքը շոշափելի չլինի, թող չտեսնեմ նրան, միայն զգամ: Եվ դա ինձ համար ամեն ինչ արժեր:

Միշտ էր այդպես, ոչ թե միայն Նոր Տարվան, ամեն օր, ամենուր:

Հիմա էլ: Հա, հիմա էլ եմ հավատում ամանորյա հրաշքին, բայց լինում է նաև, որ ամանորյա հրաշքը դառնում է ամենօրյա, դառնում է ընկերս ու օգնում այլ կերպ նայել կյանքին, աշխարհին: Օգնում է հավատալ… Իսկ առանց մի կաթիլ հավատի կյանքն անգույն ու անիմաստ կլինի: Չէ՞ որ կյանքի հրաշքը սկսվում է հավատից, իսկ հավատն ինքնին հրաշք է: