Բարև ձմեռ, ես քեզ սպասում էի

-Ուռա~ ,- վազելով ներս մտա ես։

-Ի՞նչ ա եղել,  Զառա,-  հարցրեց քույրիկս:

-Ճանապարհին ա, քիչ մնաց, հասնում ա:

-Ո՞վ Զառա, կամ ի՞նչը:

-Ձմեռն ա գալիս, ձմեռը… Պատուհանից դուրս նայիր կամ էլ արի` դուրս գնանք, կտեսնես։

Այնքան էի ուրախացել, որ առանց նրա պատասխանը լսելու ձեռքից բռնեցի ու նրան քաշեցի դեպի դուրս։

Լուսանկարը` Զարուհի  Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

-Դե տես, Ձմեռն ա եկել: Բա մի քանի ամսից Ձմեռ պապնել ա գալու։

Քույրս լռում էր։

-Ի, Դիան, ուրախ չե՞ս:

Քույրս նայեց ինձ, մի պահ ծիծաղեց ու ներս գնաց, իսկ ես… Ես մնացի դրսում։ Ցուրտ էր շատ, բայց այնքան գեղեցիկ էր իջնում ձյունը, որ կարծես ես էլ ինքս ձյան փաթիլների հետ իջնում էի երկնքից։ Իրական էր ամեն ինչ, բայց այնքան անիրական էր թվում ձմեռային գիշերվա այդ  հեքիաթը։ Բայց մեկ էլ հոպ, ու կտրվեցի այդ հեքիաթից տատուս քաղցր խոսքերից.

-Ի՞նչ ես կայնե էս ցրտին դուսը, մե ներս արի, կմրսես` կհիվնդնաս:

-Եկա տատ, եկա:

Վազեցի ներս ու սկսեցի իմ փոքրիկ ձմեռային պատմությունը գրել 17.am-ի համար։ Դե ինչ, ես էլ ձյան պես մի քիչ շտապում եմ ու մաղթում եմ բոլորիս հեքիաթային ՁՄԵՌ։