hasmik givargizyan

Ամեն ինչի ու ոչնչի մասին

Պատահել է չէ՞, որ ուզում ես գրել ինչ-որ բանի մասին, պատմել, կիսվել ու բացատրել բոլորին, բայց չգիտես, թե ինչի մասին: Ուրեմն ուզում եմ գրել պատուհանիս դիմաց գտնվող տանձի ծառի մասին, որ հպարտ-հպարտ վեր է խոյացել ու փակել ամբողջ տեսարանը: Ճյուղերը փռվել են տանիքի վրա, ու աշնանը բերքը հավաքելը վտանգավոր է դարձել: Առավոտյան առաջին բանը, որ տեսնում եմ՝ այդ ծառն է: Հաճախ եմ երազում, որ այդ ծառի փոխարեն ավելի հետաքրքիր տեսարան լիներ դրսում, օրինակ՝ դաշտեր, անտառներ, կամ մարդաշատ մի փողոց…

Ու վերջ, ծառի մասին գրելու էլ բան չկա: Գուցե գրեմ` ամեն ինչի ու ոչնչի՞ մասին: Մեր փողոցով միշտ նույն ժամին անցնող մարդու մասին, ով շտապում է աշխատանքի: Դասից տուն վերադարձող երեխաների մասին, ովքեր ինչ-որ մեծերի համար անհետաքրքիր թեմա են քննարկում: Կամ էլ այն պապիկի, ում հանդիպում եմ ամեն օր դասից տուն վերադառնալիս, ով աշխատում է իր այգում: Կարելի է գրել նաև դասերի մասին, որոնք ձանձրացնում են երբեմն, բայց չսովորել չեմ կարող, քանի որ «պիտի սովորեմ, որ մարդ դառնամ»: Դառնամ մարդ` մեծատառով, մարդ` խելքով, այնպիսի մարդ, որ ծնողներս հպարտանան ինձանով:

Արդեն չգիտեմ, թե ինչի մասին գրել, չեմ ուզում «քնել դափնու տերևների վրա», բայց մտքերս հավաքել նույնպես չեմ կարողանում: Գուցե լինեն մարդիկ, ովքեր ինձ հիմա կհասկանան, ես հույս ունեմ, որ կլինեն, ուղղակի իմացեք, ես չեմ քնել, ես վերադառնու՛մ եմ: