seryoja baboyan

Թե ինչպես գյուղը տեղափոխվեց

Տատիկիս անուն-ազգանունը Սիրանուշ Մովսիսյան է, սակայն գյուղում բոլորը նրան ճանաչում են Ջեմմա անունով: Նա 65 տարեկան է: Ես այս հարցազրույցի ընթացքում տատիկիս հետ կխոսեմ «Դուք»-ով, որպեսզի ավելի նմանվեմ պրոֆեսիոնալ լրագրողի: Ես կխոսեմ այն մասին, թե 60-ական թվականներին ինչպես են Մալիշկա գյուղի իշխանությունները որոշել գյուղի բնակչությանը տեղափոխել ավելի ներքև՝ մոտեցնելով Արփա գետի ափին:

-Տատի՛կ, Դուք հիշում եք, չէ՞ բնակչությանը տեղափոխելու այդ ժամանակները:

-Հա՛, ոնց չեմ հիշում: Դժվար էր, բայց հենց ժողովրդին էր ձեռնտու:

-Իսկ ինչո՞ւ որոշեցին, որ գյուղացիներին պետք է տեղափոխեն:

-Բնակչության թիվն արդեն մեծացել էր, ժողովուրդը շատ խիտ էր բնակեցված: Մի տան մեջ ապրում էին մի քանի եղբայր իրենց կանանց, երեխաների և ծնողների հետ: Այն ժամանակ մարդիկ շատ երեխաներ էին ունենում: Այդ պատճառով էլ իշխանությունները որոշեցին հողաբաժանում կատարել հին գյուղից մի քիչ ներքև:

-Բայց նրանք ինչ-որ բանով օգնո՞ւմ էին գյուղացիներին:

-Չէ՛, չէին օգնում, միայն հող էին տրամադրում մարդկանց, որ տուն սարքեն:

-Ինչպե՞ս է եղել, որ գյուղում բոլորի տները համարյա նույն գծագրով են կառուցված:

-Եղեգնաձորից ճարտարապետ էին ուղարկել, որ հատակագիծ գծեր: Բոլորն այդպես կառուցեցին:

-Իսկ ինչո՞ւ մարդիկ իրենք իրենց ուզած ձևով չէին կառուցում տները:

-Որովհետև մարդիկ այն ժամանակ ապրել են հողից, կավից պատրաստված տներում: Եվ գաղափար անգամ չեն ունեցել հատակագիծ գծելու մասին:

-Ինչպե՞ս է եղել, որ բոլորը եկել են, իսկ մի քանի ընտանիքներ չեն իջել և բնակություն չեն հաստատել այստեղ:

-Մարդիկ շատ անասուններ էին պահում, հին գյուղն էլ արոտավայրերին մոտիկ էր, իսկ ընտանիքի անդամները քիչ են եղել և այդ պատճառով էլ չեն իջել:

-Մարդկանց վրա լա՞վ ազդեցություն թողեց տեղափոխությունը:

-Շատ լավ: Մարդկանց պայմանները լավացան թե՛ կենցաղային, թե՛ մնացած առումներով: Լուծվեցին ջրի, հոսանքի և շատ այլ խնդիրներ, որոնք մինչ այդ շատ էին հուզում մարդկանց:

-Դրանից բնակչության թիվն ավելացա՞վ:

-Հա՛, իհարկե, գյուղի բնակչությունը շատացավ՝ եռապատկվեց:

-Հետագայում ինչե՞ր կառուցվեցին հին տների տեղերում:

-Կառուցել են գործարանը, 2-րդ դպրոցը, Սբ. Աննա եկեղեցին և այլն:

Հարցազրույցը վարեց` Սերյոժա Բաբոյանը