Այգեձորի տաք ու սառը գույները

Տավուշի մարզի Այգեձոր գյուղն ինձ շատ հարազատ է: Ես այն կարծիքին եմ, որ Այգեձորում նույնիսկ մեկ անգամ լինողը կրկին ցանկանում է վերադառնալ այստեղ: Այգեձորը կարծես կանչում է մարդկանց: Չգիտեմ, գուցե ինձ կանչում են իմ տատիկն ու պապիկը, որոնք ապրում են այստեղ: Թեև շատ եմ ցանկանում՝ հաճախակի չեմ կարողանում գնալ գյուղ, բայց ամեն գնալով՝ ցանկանում եմ գրել Այգեձորի մասին:

Օրերս գնացել էինք: Տատիկս ասում է, որ գյուղն ունի մեկ խնդիր՝ արտագաղթը:

-Հողը լավն ա, ճյուրն էլ, բերքն էլ, էն ա թե՝ ջահիլությունը քիչ-քիչ քյընմ ա: Գյուղը տառել ա ծերանոց: Հրետ՝ իմ չորս հըրևաններից իրեքի տան վրյա ղըփու տրյած ա. քնացել են:

Բայց տատս չի հուսահատվում.

-Դե, եռնակ քնան, գործնին լյավ լի, հետ կյան,- ու ոգևորված ինձ տանում է այգին ցույց տալու, որը կարծես հատուկ ինձ համար գեղեցկացել էր այդ օրը: Խաղողը, հոնը արդեն հասել են:

Երբ տատիս ասում ենք, որ առողջությունն այն չէ, մյուս տարի այգին չմշակի, ասում է.

-Պտի կյաք սաղ ծառ, տուփ կտորեք, վեր վեչ աչկըս տենա, վեչ էլ բեջարեմ, բաղչեն մըտնեմ: Թե չէ՝ իմ խիղճըս տալիս չի, ծառերը բերքի տակին կոտրարտվե՞ն կամ ճյըրեմ վեչ՝ չորանա՞ն թըփերը… Քանի սաղ եմ, բաղըս հավաք, մաքուր պահիլ դեմ, վեր թոռներս կյան իրանց տատի բաղիցը մի խնձոր պուկեն ուտեն, հավապնից մի ծյու պիրեն ուտեն, բա ի՞նչ, պտի տհե լի…